ՌԴ Պետդումայի պատգամավոր, Անվտանգության դաշնային ծառայության նախկին տնօրեն Նիկոլայ Կովալյովը (ընտրվել էր Օրլովսկու մարզում) մահացել է 70 տարեկան հասակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով խորհրդարանի ներքին պալատի աղբյուրին:

«Նիկոլայ Դմիտրիեւիչ Կովալյովը մահացել է երկարատեւ հիվանդության հետեւանքով: Սգում ենք նրա հարազատների հետ միասին»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Կովալյովի մահվան մասին տեղեկատվությունը հաստատել է Պետդումայի փոխխոսնակ, «Միացյալ Ռուսաստան» խմբակցության ղեկավար Սերգեյ Նեւերովը: «Մահացել է Նիկոլայ Դմիտրիեւիչ Կովալյովը»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

Քաղաքական գործիչը հիշեցրել էր, որ առաջին անգամ Կովալյովն ընտրվել էր Պետդումայում 1999 թվականին: « Զինված ուժերի գեներալը ԱԴԾ-ի տնօրենն էր բարդ ժամանակաշրջանում: Սակայն, նախեւառաջ, նա իսկական մարտիկ էր եւ բարեսիրտ մարդ»,-ընդգծել է նա:

«Բազում բարի հիշողություններ են կապված նրա հետ: Անհավատալի է, որ նա այլեւս մեզ հետ չէ: Թող հիշատակը պայծառ լինի»,-հավելել է Նեւերովը՝ ցավակցություն հայտնելով Կովալյովի հարազատներին եւ մտերիմներին: