Երկրում բան է փոխվել․ ՀՀԿ-ի օրոք տրանսգենդերը ԱԺ-ում ելույթ չէր ունենա: Այսպիսի գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում ՀՀԿ խոսնակ Էդուրդ Շարմազանովը։

«Այո, բան ա փոխվել մեր երկրում. ՀՀԿ-ի օրոք տրանսգենդերը ԱԺ-ում ելույթ չէր ունենա, կրթության նախարարն էլ այլասերվածի չէր ընդունի, ԱԺ-ում նմաններին չէին ծափահարի, Վեհափառի վրա էլ չէին հարձակվի։

Դրա համար էին «թավշիստները» ասում՝ բոբո ՀՀԿ-ն պետք է հեռանա: ՀՀԿ-ն ու դաշնակցությունը խանգարում էին պղծության քարոզին:

Ասել եմ, ասում եմ՝Հայաստանում նոր բաբելոնյան աշտարակաշինություն չի լինելու:

Հայկը հաղթելու է Բելին»,- գրել է նա:

Բացի այս գրառումից, Շարմազանովը նույն թեմայով խոսել է նաեւ ֆեյսբուքյան ուղիղ եթերով։ Նա թվարկել է իշխանափոխությունից հետո միասեռականների ակտիվացման դեպքեր, իսկ տրանսգենդերի այսօրվա ելույթը համարել է «հերթական խայտառակություն»։

Շարմազանովը խորհուրդ է տվել «ֆեյքերի» դեմ պայքարելու փոխարեն պարզել, թե ով է այդ համայնքի ներկայացուցչին հրավիրել խորհրդարան, եւ հիշեցրել մամուլի հրապարակումը, ըստ որի՝ հրավերը եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի կողմից։