Լիբիայում Միջազգային հանրության կողմից ճանաչված ազգային համաձայնության կառավարության մարտական ավիացիան շաբաթ հարվածների շարք է հասցրել Լիբիայի ազգային բանակի դիրքերին՝ Տրիպոլիից 80 կմ դեպի հարավ, հաղորդում է Al Jazeera-ն:

Վերջինիս տվյալներով՝ Խալիֆա Հաֆթար ֆելդմարշալի ստորաբաժանումները, որոնք հարձակվում են Տրիպոլիի վրա, Գարյանում օդային հարձակման են ենթարկվել: Այս բնակավայրը Լիբիայի ազգային բանակը առանց մարտերի գրավել է ապրիլի 4-ին:

Ավիացիայի օգտագործումը «քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար» թույլատրել է ազգային համաձայնության կառավարության վարչապետ Ֆաիզ Սարաջը: Նա հրամայել է Սեբհիի ռազմական շրջանների, արեւմտյան եւ կենտրոնական տարածաշրջանների հրամանատարներին, ինչպես նաեւ Մեծ Տրիպոլի շրջանին «անցնել պատրաստվածության առավելագույն մակարդակի եւ տեղափոխել  իրենց ստորաբաժանումները` երաշխավորելու համար հրամանների կատարումը եւ անհրաժեշտության դեպքում ուժ կիրառել»:

Նույն հրահանգները տրվել են Պաշտպանության նախարարությանը եւ մայրաքաղաքի նախագահական գվարդիային:

Ներկայումս Լիբիայում գործում  է երկու կառավարություն. Տրիպոլիում միջազգային հանրության կողմից ճանաչված ազգային համաձայնության կառավարությունը՝ վարչապետ Ֆաիզ Սարաջի գլխավորությամբ եւ երկրի արեւելքում գործող Աբդալա Աբդուրահման ատ-Տանիի ժամանակավոր կառավարությունը ընտրված խորհրդարանի հետ համատեղ, որոնք  վայելում են ԼԱԲ-ի աջակցությունը:

Ապրիլի 4-ին Հաֆթարը հայտարարել էր Տրիպոլիի վրա հարձակման մասին: Ուրբաթ  հաղորդվում էր, որ նրա ստորաբաժանումները հարավից ակտիվորեն առաջ են շարժվում դեպի մայրաքաղաք: