Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը պահանջել է Շվեդիայի կառավարությունից ավելի քան 20 մլն կրոնի (շուրջ 900 հազար եվրո) չափով փոխհատուցում դատական ծախսերի համար, հաղորդում է Life-ը՝ հղում կատարելով SVT հեռուստաալիքին:

«Ջուլիան Ասանժը համարում է, որ իրավունք ունի ստանալ իր դատական ծախսերի դիմաց ամբողջական փոխհատուցում՝ համաձայն գործող օրենսդրության: Մասամբ, քանի որ կատարվում է «բացառիկ պատճառների» պայմանը, եւ քանի որ դատախազության սխալներն ու բացթողումները հանգեցրել էին լրացուցիչ ծախսերի»,-հեռուստաալիքը մեջբերում է Ասանժի շվեդ փաստաբան Փեր Սամուելսոնի խոսքերը:

Ասանժը հայտնի էր դարձել մի շարք հրապարակումներից հետո, այդ թվում՝ Աֆղանստանում եւ Իրաքում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների, ինչպես նաեւ Գուանտանամո ճամբարում կացության պայմանների մասին: 2010 թվականին, երբ նրանով հետաքրքրվել էին ԱՄՆ-ի իշխանությունները, Ասանժը ժամանել էր Շվեդիա, սակայն կարճ ժամանակ անց մեղադրվել էր սեռական բնույթի հանցագործություններ կատարելու մեջ, որը նա հերքում է: Շվեդիայի դատարանը հայտարարել էր միջազգային հետախուզություն նրա անկատմամբ, այնուհետեւ Ասանժը բերման էր ենթարկվել Լոնդոնում, սակայն ազատվել գրավի դիմաց: 2012 թվականից նա թաքնվում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում գտնվող Էկվադորի դեսպանատանը: