Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումին մասնակցելու նպատակով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր եւ գործադիր նախագահ, հայտնի տնտեսագետ Կլաուս Շվաբի հետ:
Շնորհակալություն հայտնելով համաժողովին մասնակցելու հրավերի համար՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Համաշխարհային տնտեսական համաժողովին իր երկարամյա մասնակցությունից դրական փորձառություն եւ տպավորություններ ունի։
Զրուցակիցները խոսել են նորարարությունների եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին։ Նշելով «Չորրորդ արդյունաբերական հեղափոխության կենտրոն» կազմակերպության հետ համագործակցություն սկսելու մտադրության մասին՝ զրուցակիցներն ասել են, որ հաջող մեկնարկը փոխգործակցության նոր հնարավորություններ կբացի։
«Չորրորդ արդյունաբերական հեղափոխության կենտրոն»-ը գլոբալ, բազմակողմ համագործակցության հանգույց է, որի նպատակն է զարգացնել եւ առաջ մղել գիտության եւ տեխնոլոգիաների առավելությունների վրա հիմնված գործակցությունը։





























