Լիբիայի մայրաքաղաքի մոտակայքում իշխանամետ ուժերի եւ Լիբիայի ազգային բանակի միջեւ մարտական գործողությունները բռնկվել են նոր ուժով, հաղորդում է BBC-ն:
Խաֆթարի զորքերը հարձակում են գործել քաղաքի վրա երեք ուղղություններով. մարտեր են ընթանում մայրաքաղաքից արեւելք՝ Թաջուրա շրջանում, արեւմուտքոււմ գտնվող Ջանզուր շրջանում եւ հարավում՝ Բին-Հաշիր շրջանում, որտեղ տեղակայված է Տրիպոլի օդանավակայանը:
Այդ օդանավակայանը գործող չէ, այդ իսկ պատճառով ռազմավարական կարեւորություն չի ներկայացնում. ներկայումս բոլոր ավիաթռիչքներն իրականացվում են «Միթիգա» օդանավակայանից, որը տեղակայված է քաղաքի արվարձանում՝ կենտրոնից շուրջ 10 կմ դեպի արեւելք: Հենց այստեղ է ուղղված Խաֆթարի խմբավորման աջ թեւի հարվածը:
Մյուս կարեւոր օբյեկտների թվում, որոնք Խաֆթարը ձգտում է գրավել առաջին հերթին, ազգային բանկն է եւ պետական հեռուստակենտրոնը:
Որոշ ականատեսների հաղորդմամբ՝ Լիբիայի ազգային բանակի զինվորները նկատվել են քաղաքի կենտրոնից շուրջ 15 կմ հեռավորության վրա:
Վարչապետ Ֆաիզ Սարաջն իր հեռուստաուղերձում մեղադրել է գեներալ Խաֆթարին դավաճանության եւ պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ:
Նա հայտարարել է, որ իր կառավարությունը «ձեռք է մեկնել՝ ի նպաստ խաղաղությանը», սակայն այժմ Խաֆթարը կբախվի միայն «ուժի եւ հաստատակամության հետ»:




























