Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը համարում է, որ բրեքզիթը կարող է եւ չկայանալ, եթե Լոնդոնում խորհրդարանն ու կառավարությունը կոմպրոմիսի չհասնեն Բրյուսելի հետ հապապատասխան համաձայնագրի հարցում, հաղորդում է DW-ը:

ԵՄ-ի հետ Մեյի համաձայնագիրը խորհրդարանի կողմից երեք անգամ մերժվելուց հետո, վարչապետը եզրահանգել է, որ անհրաժեշտ է նորովի մոտենալ խնդրին, ասվում է փաստաթղթում: «Խորհրդարանը հստակ հասկացրել էր իր դիրքորոշումը, որ կխոչընդոտի առանց գործարքի ԵՄ-ից դուրս գալուն,-գրում է Մեյը:-Այժմ մենք կանգնած ենք լուրջ ընտրության առջեւ. դուրս գալ Եվրամիությունից առանց պայմանագրի կամ առհասարակ դուրս չգալ»:

Ընդ որում՝ Բրիտանիայի վարչապետն ընդգծել է, որ իր դիրքորոշումը մնում է անփոփոխ. «Մենք պետք է հասնենք բրեքզիթին, եւ այդ նպատակով պետք է համաձայնեցնենք գործարքի պայմանները»:

Որքան երկար տեւի խորհրդարանում մեծամասնության համար պայքարը, այնքան մեծ է վտանգը, որ Միացյալ Թագավորությունն այդպես էլ դուրս չի գա ԵՄ կազմից, ընդգծել է Թերեզա Մեյը. «Դա չի նշանակի, որ Բրեքզիթը, որի օգտին քվեարկել էին բրիտանացիները, այդպես էլ չի կայանա: Ես դա թույլ չեմ տա»:

Քաղաքական գործչի խոսքերով՝ դեռեւս այս շաբաթ նա պատրաստվում էր մեկնել Բրյուսել բրեքզիթի հետաձգումը խնդրելու նպատակով:

Ապրիլի 6-ին Բուխարեստում ԵՄ-ի ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել է, որ տրամադրված է դրականորեն եւ գտնում է, որ Եվրամիությունից դուրս գալու շուրջ լեյբորիստական կուսակցության հետ բանակցությունները կհանգեցնեն համատեղ համաձայնագրի:

Մինչդեռ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել էր լրագրողներին, որ «Դեռեւս Թերեզա Մեյի դիրքորոշման առումով նշանակալի փոփոխություններ չի նկատել»: Լեյբորիստները պնդում են, որ Մեծ Բրիտանիան շարունակի մնալ ԵՄ-ի մաքսային միության կազմում եւ ազատ մուտք ունենալ եվրոպական ներքին շուկային: