ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է՝ ինչպես է որոշել ճանաչել Գոլանյան բարձունքները որպես Իսրայել տարածք պատմության կարճ եւ արագ դասից հետո այլ թեմայի շուրջ զրույցի ընթացքում, հաղորդում է Reuters-ը:

Լաս Վեգասում Հանրապետական հրեական կոալիցիայի հանդիպման ժամանակ ելույթ ունենալիս Թրամփը ասել է, որ արագ որոշում է կայացրել Մերձավոր Արեւելքում խաղաղության հարցերով իր գլխավոր խորհրդականի, ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Դեւիդ Ֆրիդմանի եւ նրա փեսա Ջարեդ Քուշների հետ զրույցի ընթացքում:

 «Ես ասել եմ. «Ընկերներ, խնդրում եմ, արագ եւ հակիրճ ներկայացրեք ինձ պատմությունը: Միայն արագ: Ես ունեմ շատ գործեր՝ Չինաստան, Հյուսիսային Կորեա: Այդ իսկ պատճառով ամեն ինչ պետք է անել արագ»,-ասել է Թրամփը: «Ձեզ դո՞ւր կգա, եթե ես ճանաչեմ այն, ինչ մենք քննարկում ենք»,-նշել է Թրամփը՝ ներկայացնելով զրույցը:

Թրամփը, որը սովորաբար պահանջում է հակիրճ ինստրուկտաժ եւ հայտնի է պատմությունը վառ գույներով վերապատմելով, ասել է, որ Ֆրիդմանը երեխայի պես ցնցված էր, եւ հարցրել էր նախագահին՝ արդյոք նա դա կանի: «Եւ ահա բում. որոշումն ընդունված է: Մենք արագ եւ ճիշտ որոշումներ ենք ընդունում»,-նշել է նա:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մարտին Թրամփը հայտարարել էր Գոլանյան բարձունքներում Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին: «52 տարի անց եկել է ժամանակը, որ ԱՄՆ-ը ճանաչեն Գոլանյան բարձունքներում Իսրայելի ինքնիշխանությունը, որն ունի խիստ կարեւոր նշանակություն Իսրայելի անվտանգության եւ տարածաշրջանային կայունության համար»,-գրել է նա թվիթերյան իր էջում:

Թրամփի այդ որոշումն առաջացրել էր միջազգային հանրության բացասական արձագանքը, որը համարում է, որ անհրաժեշտության դեպքում ազգային սահմանները պետք է փոխել բոլոր կողմերի մասնակցությամբ խաղաղ միջոցներով:

Գոլանյան բարձունքները Մերձավոր Արեւելքում վիճելի տարածք է: Ներկայումս դրանց մեծ մասը հսկվում է Իսրայելի, իսկ արեւելյան հատվածը՝ Սիրիայի կողմից: Ինչպես Իսրայելը, Սիրիան եւս համարում է, որ Գոլանյան բարձունքներն իր տարածքում են: 1944 թվականից մինչեւ 1967 թվականը Գոլանյան բարձունքները ներառված էին սիրիական Կունեյթրա նահանգի կազմում: Արեւմտյան մասը (ամբողջ տարածքի մեկ երրորդը) գրավվել էր Իսրայելի կողմից 1967 թվականի վեցօրյա պատերազմի ընթացքում: