Այսօր՝ ապրիլի 7-ին, պաշտոնական այցելությամբ Կիգալիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ռուանդայի տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների, նորարարության նախարար Պաուլա Ինգաբերի հետ։ Այս մասին NEWS.am տեղեկանում է ԱԳ պաշտոնական կայքից։
Զրուցակիցները համակարծիք էին, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության առաջին պաշտոնական այցն Աֆրիկյան մայրցամաք լավ հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի երկրների և, մասնավորապես, Ռուանդայի հետ բազմաոլորտ համագործակցության ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերն ուրվագծելու համար։
Կարևորելով Հայաստանի և Ռուանդայի միջև հարաբերություններում առկա ներուժի լիարժեք իրացումը՝ նախարար Մնացականյանը, որպես գերակա ուղղություն, առանձնացրել է նորարարության, խելացի լուծումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտները:
Նախարար Մնացականյանը նշել է, որ իր պատվիրակության կազմում հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայացուցիչների ներգրավումը ևս մի կարևոր քայլ է առարկայական մտքերի փոխանակման միջոցով ուղենշելու տվյալ ոլորտներում Հայաստանի և Ռուանդայի միջև համագործակցության հեռանկարները:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր զրուցակցին ներկայացրել է հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները և հույս է հայտնել, որ ռուանդական ընկերություններն իրենց ակտիվ ներգրավվածությունը կունենան համաժողովին:





























