ԱՄՆ-ն մարշալ Խալիֆ Հաֆթարի բանակի ստորաբաժանումներից պահանջում է անմիջապես դադարեցնել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի վրա հարձակումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Տրիպոլիի մոտակայքում ռազմական հարձակմամբ: Մենք հստակ հասկացրել ենք, որ դեմ ենք Խալիֆ Հաֆթարի ուժերի հարձակմանը եւ կոչ ենք անում անմիջապես դադարեցնել Լիբիայի մայրաքաղաքի դեմ այդ ռազմական գործողությունները: Ուժերը պետք է վերադառնան նախկին դիրքեր»,- նշված է Պոմպեոյի հայտարարության մեջ:
Պետքարտուղարը հավելել է, որ էսկալացիան պետք է դադարեցնեն հակամարտության 2 կողմերը:
Նրա խոսքով՝ «Տրիպոլիի վրա միակողմանի հարձակումը սպառնալիքի տակ է դնում քաղաքացիական անձանց կյանքը եւ խափանում բոլոր լիբիացիների համար լավագուն ապագայի հոռանկարները»:
Պոմպեոյի խոսքով՝ ԱՄՆ-ն վստահ է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, այս պատճառով միջազգային ասպարեզի իր գոծընկերների հետ շարունակում է ճնշում գործադրել լիբիացի առաջնորդների վրա, որպեսզի նրանք ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի միջնորդությամբ վերադառնան քաղաքական բանակցություններին: «Քաղաքական լուծումը երկրի միավորման միակ ճանապարհն է»,- եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարը:
Մարշալ Հաֆթանի ուժերը, որոնք տեղակայված են երկրի արեւելքում, ավելի վաղ հարձակում էին սկսել Տրիպոլիի վրա: Կիրակի ԱՄՆ ԶՈՒ Աֆրիկական հրամանատարությունը անվտանգության նկատառումներով Լիբիայի իր զորակազմը ժամանակավորապես վերատեղակայել էր:
2011 թվականին քաղաքացիական պատերազմից եւ երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո Լիբիայում երկիշխանություն է պահպանվում: Արեւելքում իշխում է խորհրդարանը եւ ֆելդմարշալ Հաֆթարի հրամանատարության ներքո գտնվող բանակը: Արեւմուտքում՝ Տրիպոլիիում, ազգային համաձայնության կառավարությունը, որը ձեւավորվել է ՄԱԿ-ի աջակցությամբ եւ ճանաչվել միջազգային հանրության կողմից:
ՄԱԿ-ն առաջարկում է 2019-ի գարնանը Լիբիայում համընդհանուր ընտրություններ անցկացնել, որոնց արդյունքներով պետք է ձեւավորվի լեգիտիմ եւ համընդհանուր ճանաչված իշխանություն:





























