Հայաստանի կառավարությունն առաջարկում է հիմնել Քաղաքացու օր, որը նախատեսվում է նշել ապրիլի վերջին շաբաթ օրը: Այս մասին ապրիլի 8-ին ԱԺ արտահերթ նիստում «Պետական տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նրա խոսքով՝ իսկ եթե ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումները համընկնեն ապրիլի վերջին շաբաթին, ապա Քաղաքացու օրը կտեղափոխվի կիրակի: «Հայատանում ժողովուրդը տասնամյակներ շարունակ չէր կարողնում ձեւավորել լեգիտիմ օրենսդիր եւ գործադիր իշխանություն: Հայաստանի ժողովուրդը տասնամյակներ շարունակ պայքարել է, որ ընտրությունների ժամանակ եւ դրանց անցկացումից հետո երկրում հնարավոր լինի հանգել այն իրողությանը, որն ամրագրված է Սահմանադրությամբ, որտեղ նշված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Եվ միայն 2018 թվականի ապրիլին Հայաստանի ժողովուրդը կարողացավ դա իրականացնել»,- ասաց Զեյնալյանը:
Նա նշեց, որ Քաղաքացու օրը նախատեսվում է նշել հատկապես ապրիլի վերջին շաբաթ օրը, որպեսզի հանգստյան օրերի թիվը չավելացվի:





























