Տնտեսական մրցակցության պաշպանության պետական հանձնաժողովի եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին վերաբերող օրենքներում փոփոխություններով նրանց գործունեության ժամկետը երկարացվում է՝ օրինականության հետ կապված խնդիրներ չառաջանալու համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ-ում «ՀՀ Տնտեսական մրցակցության պաշպանության մասին» օրենքում եւ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ նշեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նրա խոսքով, հարցերի հրատապության հիմնավորումը սերտորեն կապված է այս օրենքների հիմնավորումների բովանդակության հետ:
Նախարարը նշեց, որ ՏՄՊՊՀ օրենքում փոփոխությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ ապրիլի 9-ին ուժի մեջ է մտնում մի իրավակարգավորում, ըստ որի հանձնաժողովի անդամները պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը. «Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային ժողովը լուծարվել է, կառավարությունը այս ընթացքում ձեւավորվել է եւ գործնականում հնարավորություն չի ունցել ներկայացնելու նոր անդամներ, ինպես նաեւ այն հանգամանքը, որ այս իրավակարգավորման վերաբերյալ կան տարակարծություններ դրա սահմանադրականության վերաբերյալ, ուստի կառավարության եւ գործադիր իշխանությունը, առհասարակ քաղաքական մեծամասնությանը անհրաժեշտ է ժամկետ, որպեսզի ավելի հանգիստ պայմաններում հնարավոր լինքի քննարկել դրա հիմքերը: Առաջարկվում է այս օրենքով երկարաձգել ժամկետը մինչեւ հունիսի 30-ը»:
Արտակ Զեյլնալյանը նշեց, որ այս հարցի հետ կապված տեսակետները շատ տարբեր են, կան տարբեր դիրքորոշումներ իրարամերժ եւ երբեմն իրար բացառող տեսակետներ, հետեւապես նշված ժամկետը անհրաժեշտ է հարցի իրավական քննարկման եւ իր իսկ խոսքով՝ ճշմարտության բացահայտման համար. «Այս ընթացքում կառավարությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ եւ հանգիստ պայմաններում կքննարկվի դրա իրավական եւ քաղաքական նպատահարմարության հարցը: Բոլոր խնդիրները քննարկման առարկա կդառնան օրենքի նախագծի քննարկման ընթացքում, որը կառավարությունը պատրաստվում է նախաձեռնել սրանից անմիջապես հետո»:





























