ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնության վերաբերող հայտարարությանը։
«Հետաքրքիր է, երբ վարչապետն ու իր տիկինը ամեն անգամ ամբողջ ընտանիքով այցելում են Արցախ, այնտեղ ծառայող զինվորներին էլ են ասո՞ւմ, որ նրանք ծառայում են հանուն ոչինչի»,– գրել է Արփինե Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանի խոսքով, իրենց նախաձեռնության միակ իմաստը զինվորների կյանքը պաշտպանելն է. «եւ նրանց ուղղակի չզոհաբերելը հանուն ոչնչի, որովհետեւ հակամարտության պատմության այս տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետեւ ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը մեզ չեն մոտեցրել հակամարտության կարգավորմանը, եթե չասենք ընդհակառակը՝ հեռացրել են կարգավորումից, որովհետեւ պարզ բան է, հայտնի ճշմարտություն է, որ թշնամանքի մթնոլորտում չենք կարող խաղաղություն կառուցել, չենք կարող հակամարտության լուծում գտնել»։





























