Երեքշաբթի Իսրայելում անցկացվող խորհրդարանական ընտրություններում քվեարկության համար տեղամասերը բացվել են 07:00-ին: Դրանց մասնակցելու համար գրանցվել են 40 դաշինքներ եւ կուսակցություններ, սակայն սոցիոլոգներին հավատալու դեպքում ընտրական 3,25 տոկոս շեմը հաղթահարելու եւ 21-րդ գումարման Քնեսետ անցնելու հույս կարող են ունենալ 10-ից պակասը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հանրային կարծիքի վերջին հարցման համաձայն՝ ընտրություններում հաղթելու հիմնական հավակնորդներն են երկրի գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը եւ իսրայելական բանակի Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Գանցի ղեկավարած «Կախոլ-Լավան» («Սպիտակաերկնագույնների» դաշինք) կուսակցությունների ցենտրիստական դաշինքը: Մի քանի ամիս շարունակ հարցումները կուսակցություններից յուրաքանչյուրի համար նախատեսում էին Քնեսետում շուրջ 30 տեղ, առաջնորդը մշտապես փոփոխվում էր, ընդ որում՝ վերջին օրերին «Լիկուդ» կուսակցությունը մի քանի մանդատով հետ էր մնում: Այդուհանդերձ, հարցումները հուշում են, որ Նեթանյահուն Գանցից ավելի հեշտ կձեւավորի կառավարական կոալիցիա, որը կկարողանա վերահսկել Քնեսետի 120 տեղից նվազագույնը 61-ը:
Էքսիթփոլերի արդյունքները կհրապարակվեն տեղամասերը ժամը 22:00-ին փակելուց անմիջապես հետո, ձայների հաշվարկի առաջին պաշտոնական տվյալները սպասվում են մի քանի ժամ անց: Հաջորդ շաբաթ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը Քնեսետ ընտրված կուսակցությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցելուց հետո պատգամավորներից մեկին կհանձնարարի ձեւավորել կառավարական կոալիցիա: Որպես կանոն, վարչապետի թեկնածու է համարվում պատգամավորական առավել մեծ թվով մանդատներ ստացած կուսակցության առաջնորդը, սակայն նախագահը կարող է կառավարության ձեւավորումը հանձնարարել նաեւ այն քաղաքական գործչին, ում կուսակցությունը ավելի շատ ձայներ չի ստացել, բայց, այդուհանդերձ, ի վիճակի է կայուն կոալիցիա ձեւավորել, որը վերահսկում է խորհրդարանում գոնե նվազագույն՝ 61 ձայնի մեծամասնությունը:
Երկրի ԿԸՀ տվյալներով՝ Իսրայելում այս ընտրություններում կարող է քվեարկել 6,34 մլն ընտրող: Ըստ օրենքի՝ նրանք 18 տարեկանից մեծ քաղաքացիներն են, որոնք քվեարկության օրը Իսրայելում են կամ նրա սահմաններից դուրս են պաշտոնական գործուղումներով: Երեքշաբթի երկրի տարածքում կաշխատի ընդհանուր 10720 ընտրական տեղամաս: Խոշոր քաղաքներում դրանք բաց կլինեն 07:00-ից մինչեւ 22:00, ոչ մեծ բնակավայրերում, ինչպես նաեւ հիվանդանոցներում, բանտերում եւ քննչական մեկուսարաններում՝ 08:00-ից մինչեւ 20:00:




























