ԱՄՆ գաղտնի ծառայության տնօրեն Ռենդոլֆ Ալլեսը, որը շուտով կհեռանա իր պաշտոնից, նախագահ Դոնալդ Թրամփին դուր չի եկել մեծ ականջների պատճառով, հաղորդում է The New York Times-ը:

Հրատարակության աղբյուրների տեղեկություններով՝ Թրամփը բավականին վաղուց անբարեհաճ վերաբերմունք է ունեցել Ալլեսի նկատմամբ: Նախագահը մասնավոր կարգով անգամ ծաղրել է նրան՝ Դամբո մականունը տալով: Դամբոն  Ուոլթ Դիսնեյի մուլտֆիլմերից հայտնի պերսոնաժի՝ փղիկի անունն է:  Փղիկը, որի պատմությունը ներկայացված է նաեև «Դամբո» ֆիլմում (Dumbo, 2019) ունի հսկայական ականջներ եւ կարողանում է թռչել:

Թերթը չի բացառում, որ Ալլեսի ականջների մեծությունն է մասամբ պատճառ դարձել նրան այդ պաշտոնից հեռացնելու համար:

Սպիտակ տան մամուլի ծառայությունը երկուշաբթի հաղորդել էր, որ ԱՄՆ գաղտնի ծառայության տնօրեն Ռենդոլֆ Ալլեսը շուտով կհեռանա իր պաշտոնից, մայիսից պաշտոնը նոր ղեկավար կզբաղեցնի:

CNN-ի փոխանցմամբ՝ նախագահը համապատասխան հանձնարարություն է տվել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Միկ Մալվենիին:

ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը պատասխանատու է երկրի առաջին դեմքերի, այդ թվում` ԱՄՆ նախագահի անվտանգության համար: Ծառայությունը մտնում է ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարարության կազմի մեջ: Այս գերատեսչության  ղեկավար Քիրստեն Նիլսենը ավելի վաղ հայտարարել էր, որ  ապրիլի 10-ին կհեռանա իր պաշտոնից,  Թրամփը արդեն ընդունել է իր հրաժարականը: ՆԱՆ-ի պաշտոնակատար է նշանակվել ԱՄՆ Ներգաղթի եւ մաքսային վերահսկողության ծառայության ղեկավար Քեւին Մաքելինենը: