Ապրիլի 9-ին Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի վաշինգտոնյան գրասենյակի Եվրոպայի, Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Ջուդիթ Քեմբելի գլխավորած պատվիրակությանը:
ՔԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ԱՄՆ Պետքարտուղարության օժանդակությունը նպաստում է կոմիտեի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, կազմակերպաիրավական ընթացակարգերի որակական առավել բարձր հարթություն տեղափոխելուն:
Նա նաեւ ներկայացրեց իր հյուրերին վերջին տարիներին ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացված ծրագրերը:
«Հուսով եմ, որ մեր համատեղ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի», - ասաց Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավարը:
Ջուդիթ Քեմբելն իր հերթին նշեց, որ նրանք պատրաստ են նաեւ հետագայում աջակցել տվյալ ծրագրերին:
Ջուդիթ Քեմբելի խնդրանքով ՔԿ նախագահը ներկայացրեց նաեւ վիճակագրական տվյալներ՝ կոռուպցիոն բնույթի և ընտանեկան բռնությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի վերաբերյալ:





























