Հայաստանը Հարավային Կովկասում Չեխիայի կարեւոր գործընկերն է: Այս մասին Երեւանում Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարը:

Նրա խոսքով, այցի շրջանակում հանդիպումներ կանցկացվեն վարչապետի եւ Ազգային ժողովի հետ, իսկ օրակարգի կարեւոր կետը ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումն է:

«Չեխական արդյունաբերությունը կարող է շատ բան առաջարկել ինչպես ռազմական ոլորտում, այնպես էլ ամբողջ Հայաստանի համար: Ամենաժամանակակից նմուշները: Մենք տրամադրված ենք խորացնել ռազմաքաղաքական համագործակցությունը», - նշեց նախարարը: Այս համագործակցության շրջանակում Չեխիան ռազմական բժիշկներին առաջարկում է վերապատրաստում անցնել եւ շարունակել համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում: Չեխիայի ռազմական ակադեմիայում արդեն վերապատրաստվել են Հայաստանի 300 զինծառայողներ:

Նախարարը ողջունեց  հայ խաղաղապահների մասնակցությունը Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելություններում: Այս կապակցությամբ նա շնորհակալություն հայտնեց հայկական կողմին` հաշվի առնելով, որ չեխական կազմը նույնպես ծառայում է այդ տարածաշրջաններում:

«Քննարկեցինք ղարաբաղյան հակամարտության հետ կապված զգայուն եւ բարդ իրավիճակը: Չեխիան միանշանակ նպաստում է հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ասաց նախարարը: