Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է հետաձգվել մինչեւ 2019թ․ վերջը կամ 2020թ․ սկիզբը։ Այս հեռանկարը Բրյուսելում կքննարկվի չորեքշաբթի՝ ԵՄ արտահերթ գագաթաժողովում։ Նման հայտարարությամբ Քրիստոնեադեմոկրատական եւ Քրիստոնեասոցիալական միությունների խմբակցության նիստում հանդես է եկել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը՝ հայտնում է DPA գործակալությունը։
Ավելի վաղ, երեքշաբթի Մերկելը Բեռլինում բանակցություններ էր վարել Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ, որոնց ընթացքում քննարկվել էին Brexit-ի պայմանները եւ վաղվա գագաթաժողովը։ Հանդիպումը տեւել է մեկուկես ժամ։
Sky News հեռուստաալիքի տվյալներով, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մտադիր է Մեծ Բրիտանիային առաջարկել Brexit-ը մեկ տարով, այսինքն մինչեւ 2020թ․ մարտի 31-ը հետաձգելու մասին։ Այն կարող է նաեւ ավելի շուտ կայանալ, եթե խորհրդարանը համաձայնի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։





























