Մարշալ Խալիֆ Հաֆթարի գլխավորությամբ Լիբիայի ազգային բանակը իր ձեռքն է վերցրել մայրաքաղաք Տրպոլիի արվարձան Այն Զարայի մեծ մասի վերահսկողությունը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԼԱԲ իններորդ բրիգադում իր ռազմական աղբյուրը։

Աղբյուրը հայտնել է, որ այդ շրջանը ռազմավարական կարեւոր նշանակություն ունի՝ Տրիպոլիի մուտքերին մոտ լինելու պատճառով։

Նշվում է նաեւ, որ Տրպոլիից հարավ-արեւմուտք գտնվող Կասր Բեն Հաշիրի շրջանում մարտերը շարունակվում են։

Անցյալ հինգշաբթի մարշալ Խալիֆ Հաֆթարը իր ուժերին հրամայել էր Տրպոլիի վրա հարձակում սկսել՝ այն «ահաբեկիչներից ազատագրելու» համար։ Հաֆթարի բանակի ստորաբաժանումները վերահսկողություն էին սահմանել Գարյան եւ Սուրման քաղաքների վրա։ Ինչպես նաեւ նրա ռազմական ինքնաթիռները հարվածել էին Տրիպոլիի միակ գործող «Միտիգա» օդանավակայանին, որի պատճառով բոլոր չվերթները չեղյալ էին համարվել։