Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ նրա հիմնական մրցակից Բինի Հանցը հայտարարել են երկրի խորհրդարանական ընտրություններում իրենց հաղթանակի եւ նոր կառավարություն ստեղծելու հավակնությունների մասին՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է իր կողմից ղեկավարվող աջ ճամբարի հաղթանակի եւ առաջիկա ժամերին իշխող կոալիցիա ձեւավորելու մասին։

Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ հրապարակվել են ընտրատեղամասերից դուրս եկողների հարցումների արդյունքները, որոնց համաձայն՝ Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը աննշան հետ է մնում «Կախոլ-Լավան» ընդդիմադիր դաշինքից, սակայն նոր Կնեսեթի պատգամավորների աջակցությունը ստանալու լավագույն հնարավորություններն ունի։

Հանցը նույնպես հայտարարել է իր հաղթանակի մասին։ «Մենք հաղթել ենք։ Իսրայելի ժողովուրդն ասել է իր խոսքը։ Այս ընտրություններում կա ակնհայտ հաղթող եւ ակնհայտ պարտվող»,- ասվում է նրա հայտարարության մեջ։ «Կախոլ-Լավան»-ի առաջնորդը հավելել է, որ նոր կաբինետի ստեղծումը պետք է վերապահվի հաղթողին։