ԱՄՆ-ն մտադիր է լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ կապված Սաուդյան Արաբիայի քաղաքացիների դեմ պատժամիջոցներ սահմանել, երբ տեղեկանա սպանությանն առնչվող բոլոր փաստերին, սենատորներին հավաստիացրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դեմոկրատ սենատոր Պատրիկ Լիհին Պոմպեոյին հարցրել է՝ նա արդյոք չի՞ խախտում Կոնգրեսի ընդունած օրենքը, որի կետերից մեկով նախատեսվում է «Մագնիտսկու ակտի» համաձայն Խաշոգջիի սպանության հետ կապված պատժամիջոցներ սահմանել կոռուպցիայի եւ մարդու իրավունքների խախտման համար: Պոմպեոն հերքել է, որ Պետքարտուղարությունը պատժամիջոցներ չսահմանելով օրենքը խախտել է:

«Մենք շարունակում ենք պարզել փաստերը... Երբ փաստերի մասին իմանանք, այդ ժամանակ էլ պատժամիջոցներ կսահմանենք»,- ասել է Պոմպեոն:

Նախօրեին ԱՄՆ-ն արգելել է Սաուդյան Արաբիայի 16 քաղաքացիների մուտքը իր տարածք՝ Խաշոգջիի սպանությանը մասնակցության պատճառով:

Դա կատարվել է Պետքարտուղարության ֆինանսավորման, արտասահմանում գործունեության եւ դրա հետ կապված 2019 թվականի ծրագրերի մասին օրենքի 7031 բաժնի համաձայն:

Որպես պատճառ նշված է «նրանց դերակատարումը Ջամալ Խաշոգջիի սպանության մոջ»՝ առանց մանրամասները հստակեցնելու:

Հիշեցնենք, որ Ջամալ Խաշոգջին, որը The Washington Post-ի մեկնաբան էր աշխատում եւ 2017 թվականից բնակվում էր ԱՄՆ-ում, անհետացել էր 2018 թվականի հոկտեմբերի 2-ին այն բանից հետո, երբ մտել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարան: Սաուդյան Արաբիայի պետական լրատվամիջոցները հոկտեմբերի 20-ին տարածել էին երկրի գլխավոր դատախազի հաղորդագրությունը այն մասին, որ նախնական տեղեկություններով՝ Խոշոգջին մահացած է, նրա մահվանն է հանգեցրել հյուպատոսության աշխատակիցների հետ վեճը:

Ստամբուլի ոստիկանությունը հայտարարել էր, որ Խաշոգջիի սպանությունը կանխամտածված էր, լրագրողի մարմինը մասնատվել էր եւ ոչնչացվել գլխավոր հյուպատոսությունում խեղդամահ անելուց հետո: Թուրքիան Սաուդյան Արաբիայից պահանջում էր հանձնել մեղավորներին, ինչպես նաեւ տեղեկություններ տրամադրել, թե որտեղ է Խոշոգջիի մարմինը: Սաուդյան գլխավոր դատախազության հայտարարությամբ՝ Խոշոգջիի սպանության գործով ձերբակալվել է 21 մարդ: Սպանության 5 անմիջական մասնակիցների համար դատախազությունը մահապատիժ է պահանջել: