ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կառուցողական» խոսակցություն է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի հետ՝ լրագրող Ջամալ Հաշագջիի գործի պատճառով ամերիկյան սահմանափակումներ մտցնելուց հետո, տեղեկացրել է Սպիտակ տունը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Նրանք քննարկել են այն կարեւոր դերը, որ խաղում է Սաուդյան Արաբիան Մերձավոր Արեւելքի կայունության ապահովման, Իրանի վրա առավելագույն ճնշման գործում, ինչպես նաեւ մարդու իրավունքների պահպանման հարցերի կարեւորությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
Միացյալ Նահանգները նախօրեին արգելել է Սաուդյան Արաբիայի 16 քաղաքացու մտնել իր երկիր՝ Հաշագջիի սպանությանը հանցակցության պատճառով։
Հաշագջին, որը մեկնաբան էր աշխատում Washington Post ամերիկյան թերթում եւ 2017-ից ապրում էր ԱՄՆ-ում, Թուրքիայում անցած տարվա հոկտեմբերի 2-ին անհետացել էր այն բանից հետո, երբ մտել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենք։ Սաուդյան Արաբիայի պետական ԶԼՄ-ները հոկտեմբերի 20-ի գիշերը տարածեցին երկրի գլխավոր դատախազի տեղեկությունը, որ, նախնական տվյալներով, Հաշագջին մեռած է, նրա մահվան պատճառը վեճն է հյուպատոսության աշխատակիցների հետ։
Ստամբուլի դատախազությունը հայտարարել է, որ Հաշագջիի սպանությունը միտումնավոր էր, լրագրողի մարմինը մասնատվել եւ վերացվել է այն բանից հետո, երբ խեղդամահ է արվել գլխավոր հյուպատոսարանում։ Թուրքիան պահանջում է Սաուդյան Արաբիայից հանձնել մեղավորներին, ինչպես նաեւ տեղեկատվություն Հաշագջիի մարմնի գտնվելու տեղի մասին։ Սաուդյան գլխավոր դատախազության հայտարարության համաձայն՝ Հաշագջիի սպանության գործով կալանվել է 21 մարդ։ Սպանության անմիջական հինգ մասնակցի համար դատախազությունը մահապատիժ է պահանջել։




























