Մահապատիժների թիվն աշխարհում 2018-ին կրճատվել է 31 տոկոսով՝ հասնելով ամենացածր ցուցանիշին առնվազն վերջին տասնամյակում։ Այս մասին ասվում է չորեքշաբթի հրապարակված ոչկառավարական Amnesty International կազմակերպության զեկույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ընդհանուր առմամբ, ինչպես ընդգծվում է ամենամյա հետազոտությունում, մահապատիժների թիվն աշխարհում կրճատվել է 2017-ի 993-ից մինչեւ 690-ի 2018-ին։ «Ընդհանրապես, 2018-ի տվյալները ցույց են տալիս, որ մահապատժի կիրառումը որոշակիորեն նվազում է եւ որ ողջ աշխարհում նախաձեռնվում են արդյունավետ քայլեր, որպեսզի վերջ դրվի այդ դաժան ու անմարդկային պատժին»,- ասվում է զեկույցում։

Ինչպես նկատել է Amnesty International-ի գլխավոր քարտուղար Կումի Նայդուն, «աշխարհում մահապատիժների ընդհանուր թվի կտրուկ նվազումը ապացուցում է, որ անգամ այն երկրները, որոնցից ամենաքիչն ես սպասում, սկսում են փոխել իրենց մոտեցումներն ու հասկանալ, որ մահապատիժը խնդրի լուծում չէ»։ Մասնավորապես, ինչպես նշվում է զեկույցում, թմրանյութերի դեմ պայքարի օրենքում փոփոխություններ մտցնելուց հետո մահապատիժների թիվն Իրանում, երկիր, որտեղ մահապատիժը հաճախ է կիրառվում, նվազել է 50 տոկոսով։ Իրաքում, Պակիստանում, Սոմալիում նույնպես նկատվել է մահապատիժների զգալի կրճատում։

Միեւնույն ժամանակ, իրավապաշտպանները նշել են, որ մահապատիժներն ավելացել են այնպիսի երկրներում, ինչպիսին են Բելառուսը (առնվազն չորս), Սինգապուրը (13), ԱՄՆ-ը (25) եւ Հարավային Սուդանը (առնվազն յոթ), իսկ Ճապոնիայում գրանցվել է մահապատիժների ամենամեծ թվաքանակը երկար տարիների ընթացքում (15)։ Բացի այդ, Թաիլանդն առաջին անգամ մահապատիժ է կիրառել 2009-ից ի վեր։

«Ես կոչ եմ անում բոլոր երկրներին, որոնք մինչ օրս կիրառում են մահապատիժ, գործել վճռական եւ անհապաղ դադարեցնել այդ ահավոր պատժի կիրառումը»,- նշել է Նայդուն։

Ինչպես նշվում է հետազոտությունում, երկիրը, որտեղ ամենից շատ են մահապատիժներ կիրառում, Չինաստանն է։ Միեւնույն ժամանակ, ՀԿ-ն ուշադրություն է դարձնում, որ Չինաստանում մահապատժի կիրառման իսկական մասշտաբը հայտնի չէ, քանի որ այդ մասին տվյալները պետական գաղտնիք են հանդիսանում։ Amnesty International-ի գնահատմամբ՝ Չինաստանի տարածքում «ամեն տարի հազարավոր մարդկանց մահապատժի դատավճիռ են ներկայացնում, եւ հազարավոր մարդիկ մահապատժի են ենթարկվում»։

Չինաստանին հաջորդում է այն երկրների ցուցակը, որտեղ 2018-ին իրականացվել են ավելի մեծ թվով մահապատիժներ՝ Իրան (առնվազն 253), Սաուդյան Արաբիա (149), Վիետնամ (առնվազն 85) եւ Իրաք (առնվազն 52)։

Amnesty International-ը նաեւ մտահոգություն է հայտնել 2018-ին որոշ երկրներում մահապատժի դատավճիռների թվի ավելացման առիթով։ Այսպես, Իրաքում դրանց թիվն աճել է չորս անգամ՝ 2017-ի 25-ից 2018-ին հասնելով 217-ի։ Եգիպտոսում այդ թիվն ավելացել է ավելի քան 75 տոկոսով՝ 2017-ի 402-ից հասնելով 717-ի 2018-ին։

Ինչ վերաբերում է Հյուսիսային Կորեային, ապա Amnesty International-ում ասել են, որ «մարդկանց շարունակել են մահապատժի ենթարկել», բայց այս տեղեկատվությունն անհնար է եղել հաստատել։