Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ապրիլի 10-ին Մարաղա գյուղում իրադարձությունների վերաբերյալ փորձագիտական լսումներ են անցկացվում:

Լսումներն անցկացվում են վարչապետին առընթեր «Հանրային կապերի եւ տեղեկատվության  կենտրոն» ՊՈԱԿ եւ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի գլխավորած «Ընդդեմ իրավական կամայականության» հկ նախաձեռնությամբ:

Ելույթ ունենալով «Հանրային կապերի եւ տեղեկատվության  կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Նարեկ Ադամյանը հայտնեց, որ Հայաստանի համար առաջնահերթություն է հասարակության հետ համակարգային աշխատանքը Մարաղայի իրադարձությունների լայնածավալ լուսաբանման նպատակով:

«Սա թույլ կտա մեզ հիմք պատրաստել իրավական դաշտում ավելի ակտիվ աշխատանքի համար», - հավելեց նա:

Ընթերցվեց Բրիտանիայի խորհրդարանի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի նամակը, որում նա վստահություն էր հայտնել, որ Ղարաբաղի ժողովուրդը, ինչպես եւ ցեղասպանություն վերապրած մյուս ժողովուրդները, անկախության իրավունք ունեն:

«Կարեւոր է այս հարցը լրատվամիջոցներում  բարձրացնելը: Մարաղայում հանցագործությունները պետք է միջազգային հանրությունում լայն արձագանք ստանան», - նշվում է նամակում:

Դրանից հետո տեղի ունեցավ «Սովորական ցեղասպանություն» վավերագրական ֆիլմի «Մարաղա սերիայի» ցուցադրությունը:

Լսումներին հրավիրվել էին Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ եւ փորձագետներ, ինչպես նաեւ Ղարաբաղի ներկայացուցիչներ:

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալներով Մարաղա գյուղում տեղի ունեցած դեպքերը եղել են անկախ Ադրբեջանի առաջին հանցագործությունը Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ: Այս ռազմական հանցագործության հետեւանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում` 30 կին: Մոտ 50 մարդ, այդ թվում` 9 երեխա եւ 29 կին գերեվարվել են: Նրանցից ոմանց հետագայում հաջողվեց վերադարձնել, սակայն 19-ի ճակատագիրը մինչ օրս հայտնի չէ: