Հայ հասարակության մի մասը գիտի միայն Խոջալուի իրադարձությունների ադրբեջանական վարկածի մասին։ Այս մասին ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փորձագիտական լսումների ժամանակ ասել է մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ դրան պետք է հավելել նաեւ այն, որ Մարաղա գյուղի իրադարձության մասին հայ հասարակության մի մասն առհասարակ չգիտի։ «Անհրաժեշտ է լայն իրազեկման զուգահեռ աշխատանք տանել, ինչպես նաեւ աշխատանքներ՝ դիտարկելու Մարաղայի սպանություններն իրավական դաշտում»,- նշել է նա։ «Իրավական գործընթացի տեսակետից Ղարաբաղի դատախազությունը տեղեկություն ունի այն մասին, թե ով է կազմակերպել Մարաղա գյուղի բնակիչների սպանությունը։ Դա վկայում է այն մասին, որ կարելի է սկսել դատական վարույթ, մանավանդ որ ռազմական հանցագործությունները, ինչպես հայտնի է, վաղեմության ժամկետ չունեն»,- ամփոփել է նա։

Նշենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի են ունենում փորձագիտական լսումներ՝ նվիրված ադրբեջանական զորքերի կողմից հայ խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացմանը Մարաղա գյուղում։