«Ինչպես ամեն նորմալ մարդ, ես էլ ուզում եմ նորմալ հարաբերություններ ունենալ հարեւան երկրների հետ»,- այսօր հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կարծիք հայտնեց ԿԲ նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը, հավելելով, որ այդտեղ պետք է լրջորեն քննարկվի նաեւ տնտեսական բաղադրիչը: «Ես հասկանում եմ, որ սահմանը բացելու դեպքում տնտեսական առումով առաջին էֆեկտը լինելու է ի վնաս Հայաստանի: Կարճատեւ ժամանակահատվածում թուրքական ապրանքները, որոնք հայկական շուկայում գտել են իրենց տեղը, ավելի լավ պայմաններում լինելով, շատ ավելի ակտիվորեն են մեր շուկա մտնելու եւ առաջին շրջանում գլոբալ տնտեսական իմաստով կորուստներ ենք ունենալու»,- նշեց նա ու հավելեց. «Խնդիրները ծագելու են հատկապես գյուղտնտեսության ոլորտում, քանի որ անգամ Եվրոպա-Թուրքիա հարաբերությունների չկարգավորվածության հիմնական պատճառներից մեկը Եվրոպայի վախն է, որ թուրքական գյուղապրանքները կմտնեն եվրոպական շուկա եւ կքանդեն Եվրոպայի գյուղատնտեսությունը: Այս խնդիրը կա նաեւ Հայաստանի համար, քանի որ Թուրքիայի գյուղատնտեսությունն անհամեմատ ավելի մեծ արդյունավետություն ունի»:

Այդուհանդերձ, ըստ Բ. Ասատրյանի, սահմանները պետք է բացվեն, գիտակցելով, որ ինչ-որ ժամանակահատվածում ինչ-որ կորուստներ ենք ունենալու: «Չի կարող պատահել, որ փակված պայմաններում գյուղատնտեսություն զարգանա»,- ասաց նա, ընդգծելով, որ այդ դժվարությունները կտեւեն մոտ 3 տարի, որից հետո դրական արդյունքներ կնկատվեն: Բ. Ասատրյանի խոսքով, այդ երեք տարվա ընթացքում հայկական ապրանքները եւս իրենց տեղը կգտնեն թուրքական շուկայում:

«Հայ-թուրքական սահմանի բացման հիմքում պետք է լինի ոչ թե մարդկանց առաջ սահմանը բացելը, այլ ապրանքահոսքի առաջ սահմանը բացելը, որը առաջին հերթին նշանակում է երկաթուղու գործարկում»,- նշեց ԿԲ նախկին ղեկավարը, կարծիք հայտնելով, որ Թուրքիան ձեւական առումով սահմանը կբացի, սակայն երկաթուղու գործարկումը կձգձգի:

«Արդյո՞ք երկաթուղին գործելու է, արդյո՞ք այն տարիֆները, որ դնելու են երկաթուղու վրա, բավարար են լինելու, որ նա արդյունավետ աշխատի: Որովհետեւ կարող են հայտարարել, որ բացում են երկաթուղին, բայց այնպիսի սաակագներ սահմանեն, որ դրա գործարկումը իմաստազրկվի: Այդ երկաթուղու աշխատելու պարագայում, ի՞նչ բեռ է դրվելու այդ երկաթուղու վրա, ունենալո՞ւ է այդ երկաթուղին հեռանկար, Ախալքալաք-Կարս երկաթուղին կառուցվելո՞ւ է, թե՞` սառեցվելու, հնարավո՞ր է, որ „Նաբուկոն“ անցնի Հայաստանով»,- ահա այն հարցերի շարքը, որի պատասխանը պետք է տան իշխանությունները: