Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնը հաստատել է իր՝ «Միասին հանուն Կատալոնիայի» քաղաքական ուժի կողմից Եվրախորհրդարանի մայիսյան ընտրություններին մասնակցելու մտադրությունը: Քաղաքական գործիչն այս հայտարարությամբ հանդես է եկել Բրյուսելում, հայտնում է Belga-ն:

Գործակալությունը նշում է, որ կատալոնական կառավարության նախկին անդամներ Կլարա Պոնսատիի եւ Տոնի Կոմինի ներկայությամբ Պուչդեմոնը ներկայացրել է «Միասին հանուն Կատալոնիայի» կոալիցիայի ամբողջ ցուցակը:

Կատալոնիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Էլզա Արտադին մարտին հայտարարել էր, որ Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում «Միասին հանուն Կատալոնիայի» ցուցակը կգլխավորի Կառլես Պուչդեմոնը, որոնք Իսպանիայում տեղի են ունենալու մայիսի 26-ին:

Հիշեցնենք, որ Պուչդեմոնը Իսպանիայից Բելգիա էր փախել 2017 թվականին՝ Իսպանիայի կազմից ինքնավարության դուրս գալու հանրաքվեից եւ տեղական խորհրդարանի կողմից անկախ հանրապետության հռչակման բանաձեւի հաստատումից հետո: Ինքնավարության նախկին առաջնորդը «Միասին հանուն Կատոլոնիայի» կոալիցիայի ղեկավարն է, որը հանդես է գալիս Իսպանիայից անջատվելու օգտին:

Եվրախորհրդարանի ընտրությունները միության անդամ երկրներում անցկացվելու են 2019 թվականի մայիսի 23-26-ը: