Ապրիլի 9-ին Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանը մասնակցեց Տարաս Շեւչենկոյի անվան Կիեւի ազգային համալսարանում կազմակերպված՝ «Բարձրագույն կրթության վերափոխումը. նորորարական համալսարան 4.0» խորագրով կլոր սեղանին։ Ձեռնարկը նվիրված էր ուկրաինա-չինական նորարարական կենտրոնի բացմանը։

Համալսարանի ռեկտոր՝ ակադեմիկոս Լեոնիդ Գուբերսկու (Леонид Губерский) բացման խոսքից հետո ելույթ ունեցավ դեսպան Տիգրան Սեյրանյանը, որը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց «ԹՈւՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, հույս հայտնելով, որ ապագայում դրա մասնաճյուղը կբացվի նաեւ Ուկրաինայում, Փարիզի եւ այլ կենտրոնների օրինակով։

Ավարտելով իր խոսքը, հայ դիվանագետը նշեց, որ «նախագիծը կարող է հանդիսանալ կրթության եւ ՏՏ ոլորտների հայ-ուկրաինական համագործակցության փայլուն օրինակ»։ «ԹՈւՄՈ»-ի կոնցեպտը մեծ հետաքրքրություն առաջացրեց ներկաների շրջանակում։

Կլոր սեղանի շրջանակներում տեղի ունեցավ դեսպան Սեյրանյանի եւ համալսարանի ռեկտորի առանձնազրույցը։ Կողմերը պայմանավորվեցին ջանքեր գործադրել Երեւանի պետական համալսարանի եւ Կիեւի ազգային համալսարանի միջեւ գործակցությունը վերականգնելու եւ զարգացնելու ուղղությամբ։