Ապրիլի 10-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղեւոնդյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի (Михаил Мясникович) հետ։
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը երկուստեք կարեւորվեց հայ-բելառուսական միջպետական համագործակցության հետագա զարգացմանն ուղղված խորհրդարանական աջակցության հարցը, ինչպես նաեւ՝ երկու պետությունների օրենսդիր մարմինների ակտիվ համագործակցությունը թե երկկողմ ձեւաչափում, թե միջխորհրդարանական բազմակողմ հարթակներում։
Խորհրդարանի վերին պալատի նախագահը նշեց բելառուսական կողմի շահագրգռվածությունը Հայաստանի հետ առեւտրատնտեսական ոլորտում, այդ թվում՝ համատեղ ներդրումային ձեռնարկությունների հիմնման ճանապարհով, արդյունավետ փոխգորածակցության ծավալման հարցում։
Իր հերթին դեսպան Ղեւոնդյանը, տեղեկացնելով զրուցակցին նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորված ՀՀ ԱԺ հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի կազմի հաստատման մասին, կարեւորեց միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերի անցկացման պարբերական եւ կանոնավոր բնույթը։
Երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համատեքստում անդրադարձ կատարվեց գիտության, նորարարության, առողջապահության, երիտասարդական կապերի ընդլայնման եւ այլ թեմաներին։





























