Երեւանի  քաղաքապետարանը ամենօրյա ռեժիմով աշխատում է՝ մայրաքաղաքում աղբահանության վիճակը բարելավելու եւ խնդրին վերջնական լուծում տալու ուղղությամբ:

Հարցի լուծման իրավական ընթացակարգը որոշակի ժամանակ է պահանջում, այնուհանդերձ, քաղաքապետարանը փորձում է հնարավորինս արագացնել գործընթացը, ունենալու համար  նորմալ աղբահանություն եւ մաքուր քաղաք:

«Սիրելի համաքաղաքացիներ: Վերջին շրջանում Երեւանում աղբահանության խնդիրը նկատելիորեն վատթարացել է: Աղբահանության միակ օպերատորի աշխատանքը, որը մինչ այդ էլ գոհացուցիչ չէր, է՛լ ավելի անբավարար է դարձել: Աղբատար մեքենաների քանակը չի բավականացնում, գործող մեքենաները գրեթե ամեն օր խափանվում են, գրեթե չեն թարմացվում եւ չեն համալրվում աղբամանները, եղածները չեն լվացվում ու մաքրվում:

Քաղաքապետարանի ու վարչական շրջանների կոմունալ ստորաբաժանումների, քաղաքապետարանի թեժ գծի ծառայության ու հասարակայնության հետ կապերի այլ միջոցներով անընդհատ ստանում ենք լցված աղբամաններով լուսանկարներ: Ահազանգերի մի մասի հետքերով գնում են կոմունալ ծառայության աշխատակիցները՝ փորձելով առավել վատթար վիճակում գտնվող փողոցներում ու բակերում իրավիճակային լուծումներ տալ: Անբավարար է նաեւ քաղաքի հանրային տարածքների սանմաքրման վիճակը»,-նշված է քաղաքապետարանի հայտարարության մեջ: