Էկվադորի նախկին նախագահ Ռաֆայել Կորրեան պետության գործող ղեկավար Լենին Մորենոյին, որը հրաժարվել էր WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ապաստան տրամադրել, երկրի պատմության մեջ ամենամեծ դավաճանն է անվանել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Էկվադորի եւ Լատինական Ամերիկայի պատմության մեջ ամենամեծ դավաճան Լենին Մորենոն բրիտանական ոստիկանությանը թույլ է տվել մտնել Լոնդոնում մեր դեսպանատուն՝ Ասանժին կալանավորելու համար: Այն, ինչը նա արել է, հանցագործություն է, որը մարդկությունը երբեք չի մոռանա»,- նշել է Կորրեան Twitter-ում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էկվադորը որոշել է Ասանժին մերժել դիվանագիտական ապաստան տրամադրել՝ միջազգային կոնվենցիաների հաճախակի խախտումների պատճառով: Լոնդոնի ոստիկանությունից հինգշաբթի հայտնել էին, որ Ասանժը կալանավորվել է 2012 թվականի հունիսի 29-ին Վեսթմինսթերյան մագիստրատական դատարանի տված օրդերով:
Ասանժը հանրահայտ է դարձել մի շարք հրապարակումներից հետո, այդ թվում՝ Աֆղանստանում եւ Իրաքում ԱՄՆ ռազմական գործողությունների եւ Գուանտանամո բանտում պահման պայմանների մասին:
2010 թվականին WikiLeaks հիմնադիրը, երբ նրանով հետաքրքրվել են ամերիկյան իշխանությունները, տեղափոխվել է Շվեդիա, որտեղ մտադիր էր պաշտպանություն ստանալ: Հետագայում նրան մեղադրել են սեքսուալ բնույթի հանցագործությունների մեջ, որոնց մասնակցությունը Ասանժը հերքում է:
Շվեդիայի դատարանը նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել, որից հետո նա Լոնդոնում ձերբակալվել էր, բայց գրավով ազատ արձռակվել: Ասանժը 2012 թվականից թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:




























