Սուդանի ազգային հետախուզությունը հայտարարել է բանտերից բոլոր քաղբանտարկյալների ազատման մասին՝ երկրում հնարավոր ռազմական հեղաշրջման մասին լուրերի ֆոնին, հաղորդում է SUNA-ն:
«Անվտանգության եւ ազգային հետախուզության մարմինները հայտարարել են ամբողջ երկրով բոլոր քաղբանտարկյալների ազատման մասին», - ասվում է գործակալության հաղորդագրությունում:
Լիբանանի al-Mayadeen հեռուստաալիքը հաղորդում է, որ Սուդանի բանակը արտահերթ նիստում որոշել է նախագահ Օմար ալ Բաշիրին ազատել բոլոր պաշտոններից եւ լուծարել երկրի խորհրդարանը, ՌԻԱ Նովոստիին ասել է բանակում աղբյուրը:
Սուդանում հեռուստաալիքները հայտարարել են երկրի իրավիճակի վերաբերյալ առաջիկայում պաշտպանության նախարարության ներկայացուցիչների ճեպազրույցի հեռարձակման մասին:
Սուդանի իշխող «Ազգային Կոնգրես» կուսակցությունում աղբյուրները ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել էին Միջազգային քրեական դատարանի կողմից հետախուզվող նախկին պաշտպանության նախարար Աբդուրահիմ Հուսեյնի եւ կուսակցության նախագահի պաշտոնակատար Ահմեդ Հարունի ձերբակալության մասին լուրերը:
Սուդանի զինվորականները փակել են երկրի պետական հեռուստառադիոընկերության շենք տանող ճանապարհը, ուժեղացվել է բանակի ներկայությունը: Գլխավոր շտաբի շենքի մոտ մարդկանց խմբեր են կուտակվում:
Սուդանում արդեն մոտ 4 ամիս շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք սկսվել էին հացի գների իջեցման պահանջներով, բայց աստիճանաբար վերածվել 30 տարի անընդմեջ երկիրը ղեկավարող ալ Բաշիրի քաղաքական ռեժիմի փոփոխության կարգախոսների:





























