Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կալանավորվել է նաեւ ԱՄՆ իշխանությունների հարցմամբ՝ ըստ արտահանձնելու օրդերի, նշված է «ՌԻԱ Նովոստի»-ին փոխանցած Մայրաքաղաքային ոստիկանության հայտարարության մեջ:

Սքոթլանդ Յարդը այսօր արդեն հայտնել էր, որ Ասանժը Էկվադորի դեսպանատանը կալանավորվել է նրան ապաստան տրամադրելու այդ երկրի մերժումից հետո: Նա հիմա Լոնդոնի ոստիկանական տեղամասում է եւ «հնարավորինս շուտ» կկանգնի Վեսթմինսթերյան մագիստրատական դատարանի առաջ:

«47-ամյա Ջուլիան Ասանժը այսօր՝ ապրիլի 11-ին, 10.52-ին Լոնդոնի կենտրոնում ոստիկանական տեղամաս բերվելուց հետո կալանավորվել է նաեւ ի դեմս ԱՄՆ իշխանությունների՝ Արտահանձնման մասին օրենքի 73-րդ հոդվածի շրջանակում արտահանձնման օրդերի համաձայն»,- նշված է ոստիկանության նոր հաղորդագրության մեջ:

Սքոթլանդ Յարդից նաեւ հայտնում են, որ Ասանժը Վեսթմինսթերյան մագիստրատական դատարանի առջեւ կկանգնի «այնքան արագ, որքան հնարավոր է»:

Ասանժը հանրահայտ է դարձել մի շարք հրապարակումներից հետո, այդ թվում՝ Աֆղանստանում եւ Իրաքում ԱՄՆ ռազմական գործողությունների եւ Գուանտանամո բանտում պահման պայմանների մասին:

2010 թվականին WikiLeaks հիմնադիրը, երբ նրանով հետաքրքրվել են ամերիկյան իշխանությունները, տեղափոխվել է Շվեդիա, որտեղ մտադիր էր պաշտպանություն ստանալ: Հետագայում նրան մեղադրել են սեքսուալ բնույթի հանցագործությունների մեջ, որոնց մասնակցությունը Ասանժը հերքում է:

Շվեդիայի դատարանը նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել, որից հետո նա Լոնդոնում ձերբակալվել էր, բայց գրավով ազատ արձռակվել: Ասանժը 2012 թվականից թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Նրա պաշտպանության կարծիքով՝ իրենց հաճախորդի դեմ բոլոր մեղադրանքները պատվիրված են եւ քաղաքականացված: