Շվեդիայի Գերագույն դատարանը չի քննարկի Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի՝ դատական ծախսերը (9,25 մլն շվեդական կրոն, մոտ 1 մլն դոլար) փոխհատուցելու պահանջը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են դատական ատյանում։

«Գերագույն դատարանը չի քննարկի այդ հարցը։ Վերաքննիչ դատարանի վճիռը նրա վերաբերյալ մնում է ուժի մեջ»,- ասել են Գերագույն դատարանում։ Ոչ մի մեկնաբանություն դատարանը գործի վերաբերյալ չի տալիս։

Ներկայացված գումարը ներառել էր Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում եւ Էկվադորում իրավաբանների ծառայությունների վճարը։ Ասանժը նաեւ խնդրել էր 600 հազար կրոն (64,4 հազար դոլար) փաստաթղթերի փոխանցման համար հետաքննության ընթացքում եւ էլի 1 մլն կրոն (մոտ 108 հազար դոլար) հարցապնդումները ՄԱԿ եւ միջազգային այլ կազմակերպություններ առաքելու համար։ Ոչ օկրուգային, ոչ վերաքննիչ դատարանները կողմնակից չեն եղել Ասանժի պահանջներին, քանի որ 2011-ին նա մերժել էր իր համար նշանակված եւ պետության կողմից վճարվող հասարակական դատապաշտպանին՝ նրա փոխարեն վարձելով մասնավոր իրավաբանների։ Օկրուգային եւ վերաքննիչ դատարանների որոշումը Ասանժի հարցապնդման հետ կապված՝ բողոքարկվել է Շվեդիայի Գերագույն դատարանում։

Ասանժի շվեդ փաստաբան Պեր Սամուելսոնը ավելի վաղ նշել էր, որ գործով տուժած փաստաբան Էլիզաբեթ Մասի Ֆրիցը արդեն որպես փոխհատուցում պետությունից ստացել է  450 հազար կրոն (48 հազար դոլար)։ Իր բողոքում Սամուելսոնը եւ վեց այլ գործընկերներ պնդում էին, որ գոյություն ունեն «հատուկ պատճառներ» ծախսերի փոխհատուցման համար, քանի որ Ասանժը կալանքի մեջ է յոթ տարի։

Փաստաբանները գրել են, որ դատախազի որոշումը՝ երկար ժամանակվա ընթացքում չհարցաքննել Ասանժին Լոնդոնում, ճիշտ չի եղել կամ «անփութություն է նշանակել»։