Ապրիլի 13-ի գիշերը Սուդանի Ռազմական խորհրդի ղեկավար Ավադ բեն Սուֆը հայտարարել է, որ հրաժարական է տալիս, եւ այս պաշտոնում իր փոխարեն նշանակել է գեներալ Աբդել Ֆաթահ Աբդուլռահմանին: Սա տեղի է ունեցել Սուդանի բազմամյա նախագահ Օմար ալ Բաշիրին պետական հեղաշրջմամբ տապալելուց հետո հաջորդ օրը: Ռազմական խորհրդի անդամները հայտարարել են, որ իշխանությունը շուտով կփոխանցեն քաղաքացիական կառավարությանը: Միաժամանակ, պաշտոնական տվյալներով վերջին ցույցերի ժամանակ զոհվել է ոչ պակաս քան 16 մարդ, որոնց ոստիկանների կրակոցները պատահաբար են դիպել: Վերջին 2 օրում նույնպիսի պատահականութամբ վիրավորվել է 20 մարդ, փոխանցում է DW-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անցումային շրջանը կտեւի 2 տարի, իսկ այդ ընթացքում երկիրը կկառավարի բեն Աուֆի ղեկավարությամբ Ռազմական խորհուրդը: Բողոքի ցույցերի ղեկավարությունը չի ընդունել նոր իշխանությանը եւ հետագա դիմադրության կոչ արել:
Ապրիլի 12-ին երկրի մայրաքաղաք Խարտումում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր, որոնց մասնակիցները պահանջել են ձեւավորել քաղաքացիական անցումային կառավարություն: Դրանից հետո բեն Աուֆը հայտարարել է իր հրաժարականի մասին: Իր պաշտոնից հեռացել է նաեւ նրա տեղակալ՝ գլխավոր շտաբի պետ Քամալ Աբդելմարուֆը: Ավադ բեն Աուֆի հրաժարականը ցուցարարներն ընդունել են որպես հաղթանակ, բայց դիմել են Աբդուլռահմանին՝ պահանջելով իշխանությունը փոխանցել անցումային կառավարությանը: Այլապես երկրում «նստացույցը» կշարունակվի:




























