WikiLeaks-ի հիմնադրի ընկերը՝ Վոն Սմիթը, որը Bloomberg-ի տեղեկություններով Ջուլիան Ասանժին մինչեւ կալանավորվելը այցելել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան նրա սենյակում, գործակալությանը հայտնել է, որ լոնդոնյան դատարանում Ասանժի գործի քննությունից հետո WikiLeaks-ի հիմնադրին տեղափոխել են Բելմարշ բանտ: Bloomberg-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է Ասանժի ներկայացուցիչը:

Լոնդոնի հարավ-արեւելքում գտնվող այս օբյեկտը ժամանակին անվանում էին բրիտանական Գուանտանամո, պարզաբանում է գործակալությունը: Նրա տեղեկություններով՝ այստեղ են, մասնավորապես, պահվել այնպիսի բանտարկյալներ, ինչպես Աբու Քաթադան (իսպանացի դատավորը նրան անվանել էր «Ալ Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի աջ ձեռքը) եւ 4 տղամարդիկ, որոնք փորձել էին Լոնդոնի հասարակական տրանսպորտում ահաբեկչություն իրականացնել

Տեսուչների անցյալ տարվա հաշվետվության համաձայն՝ Բելմարշում հիմա տարբեր մարդիկ են պահվում՝ վտանգի ցածր մակարդակով հանցագործներից մինչեւ երկրում առավել մեծ վտանգ ներկայացնող բանտարկյալներ, հստակեցնում է Bloomberg-ը: Բանտում են նաեւ մի քանի բանտարկյալներ, որոնց «կառավարման հատուկ միջոցներ» են պահանջվում նրանց վրա սեւեռված հանրության ուշադրության պատճառով:

Այս բանտում պահվողների համար խցից դուրս ժամանակի անցկացումը սահմանափակված է: Տեսուչների հաշվետվության համաձայն՝ բանտարկյալների գրեթե կեսը ասել է, որ իրենք սովորաբար խցից դուրս են անցկացնում շաբաթական 2 ժամից պակաս:

Ընդ որում՝ եթե Ասանժին պահում են խիստ ռեժիմի բաժանմունքում, նրա պահման պայմանները կարող են ավելի խիստ լինել, նշում է գործակալությունը՝ ընդգծելով, որ տեսուչների հաշվետվության մեջ այս հատվածի պահման պայմանները նկարագրվել են որպես «չափազանց կլաուստրոֆոբային»: Այսպիսի բանտարկյալների հասանելիությունը մարզադահլիճին եւ գրադարանին սահմանափակված է:

Ասանժի փաստաբանները չեն կարողացել իրավիճակն օպերատիվորեն մեկնաբանել: Արդարադատության նախարարության եւ դատախազության ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններ տալ:

Bloomberg-ը հիշեցնում է, որ WikiLeaks-ի հիմնադիրն առաջին անգամ չի բանտում հայտնվում: 2010 թվականին նա 9 օր անցկացրել է մեկ այլ լոնդոնյան բանտում՝ Ուանդսվորթում, երբ Շվեդիայի իշխանությունները պահանջում էին նրան արտահանձնել: Ասանժին այդ ժամանակ ազատ արձակեցին գրավով, իսկ նրա փաստաբանը բանտում պահման պայմանները «դիքենսյան» էր անվանել: Ինքը՝ Ասանժն ավելի ուշ նշել էր, որ մենախցում բանտարկության այդ շրջանում «ինքը ժամանակ է ունեցել մտածելու ամբողջ աշխարհում մարդկանց կյանքի պայմանների մասին»: