«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը մարտի 1-ի դրությամբ պարտադիր ավտոապահովագրության գծով (ԱՊՊԱ) ապահովագրել է մոտ 62 հազ. ավտոմեքենա՝ զբաղեցնելով ԱՊՊԱ-ի շուկայի մոտ 18 տոկոսը։ Այս մասին այսօր՝ մարտի 9-ին հրավիրած ասուլիսում հայտնեց «Ինգո Արմենիայի» գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանը։
Ընկերությունը ԱՊՊԱ-ի շնորհիվ հավաքագրել է մոտ 1,8 մլրդ դրամ ապահովագրական վճարներ, որը կազմում է ապահովագրական պորտֆելի մոտ 48 տոկոսը։ Հունվար-փետրվարին որպես հատուցում վճարվել է մոտ 270 մլն դրամ՝ 400 ճանապարհային պատահարների դիմաց։ Այսինքն՝ տարվա առաջին 2 ամիսներին հատուցվել է հավաքագրված գումարի 15 տոկոսը։
Լ. Ալթունյանը չի բացառում, որ 2012 թ. ապահովագրական գումարի չափը բարձրացվի, եթե ճանապարհային պատահարների քանակը շարունակի այդչափ մեծ մնալ։ «Հունվարի 27-ի դրությամբ արդեն իսկ գրանցվեց այնքան պատահար, որքան ոստիկանությունը գրանցել էր ողջ 2010 թ.»,- ասաց Լ. Ալթունյանը։
Արդյունքներն, ըստ «Ինգո Արմենիայի» տնօրենի, կարելի է ընդհանրացնել սեպտեմբերին, երբ ապահովագրական շուկայի հիմնական միտումները պարզ կլինեն։
«Ինգո Արմենիայի» գլխավոր տնօրենը կարծում է, որ ԱՊՊԱ-ն Հայաստանում կայացած է՝ օրենսդրությունը խորն է, իսկ բիզնես գործընթացները եւ տվյալների բազան՝ «լավ մտածված»։ Ուստի ապահովագրական ընկերությունները մտավախություն չունեն, որ Հայաստանում կկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանում, որտեղ ԱՊՊԱ-ն ներմուծվեց առանց նախապատրաստվելու եւ կարճ ժամանակ հետո հանվեց։





























