Սուդանի հետախուզության ղեկավար Սալահ Գոշը հրաժարական է ներկայացրել: Ռազմական խորհուրդը, որին է անցել երկրում իշխանությունը նախագահ Օմար ալ Բաշիրի տապալումից հետո, ընդունել է Գոշի հրաժարականը, փոխանցում է DW-ն: 

Պաշտոնական տեղեկություններով՝ Սուդանում ցույցերի ժամանակ վերջին երկու օրում զոհվել է առնվազն 16 մարդ, որոնց պատահաբար դիպել են ոստիկանների փամփուշտները: Եվս 20 մարդ վիրավերվել է, պնդում են ոստիկանության ներկայացուցիչները: Սուդանի բժիշկների կոմիտեն իր հերթին հայտարարել է ապրիլի սկզբից առնվազն 38 զոհի մասին, որոնք դարձել են «ռեժիմի եւ նրա ստվերային կազմավորումների» զոհը:

Ապրիլի 11-ին զինվորականները հայտարարել էին Սուդանում իշխանությունը գրավելու մասին: Նրանք երկրում 3 ամսով արտակարգ դրություն էին մտցրել: Երկրի նոր վարչակազմի ղեկավար էր դարձել Սուդանի պաշտպանության նախարար Ավադ բեն Աուֆը: Նրա խոսքով՝ Ռազմական խորհուրդը երկիրը ղեկավարելու էր անցումային շրջանում, որը տեւելու էր 2 տարի:

Ապրիլի 12-ին երկրի մայրաքաղաք Խարտումում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր, որոնց մասնակիցները պահանջել են ձեւավորել քաղաքացիական անցումային կառավարություն: Ապրիլի 13-ի գիշերը բեն Աուֆը հայտարարել էր իր հրաժարականի մասին: Իր պաշտոնից հեռացել էր նաեւ նրա տեղակալ՝ գլխավոր շտաբի պետ Քամալ Աբդելմարուֆը: Բեն Աուֆը իր փոխարեն նշանակել էր գեներալ Աբդել Ֆաթահ Աբդուլռահմանին: Ռազմական խորհրդի անդամները հայտարարել էին, որ իշխանությունը շուտով կփոխանցեն քաղաքացիական կառավարությանը

Օմար ալ Բաշիրի դեմ զանգվածային ցույցերը սկսվել են 2018 թվականի դեկտեմբերին: Սկզբում ցուցարարները պահանջում էին իջեցնել հացի եւ այլ մթերքների գները, բայց շուտով նրանց զայրույթն ուղղվել է նախագահի ավտորիտար կառավարման դեմ:

Օմար ալ Բաշիրը իշխանության է եկել 1989 թվական հեղաշրջումից հետո: Հաագայում Միջազգային քրեական դատարանը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել ռազմական հանցագործությունների կատարման եւ Դարֆուրում ցեղասպանություն կազմակերպելու կասկածանքով: ՄԱԿ տեղեկություններով՝ 2003 թվականին հակամարտության սկզբից Դարֆուրում զոհվել է 300 հազար մարդ: Սուդանի նոր իշխանությունները հայտարարել են, որ տապալված նախագահին դատարանին չեն հանձնի: