Առեւտրային բախումները համարվում են համաշխարհային տնտեսության հապաղման հիմնական պատճառը, սակայն ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ համաձայնության հասնելու կանխատեսումները հուսադրող են:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ բանակցությունները մոտենում են ավարտին, հաղորդում է AFP-ը:

Այդ մասին նա հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի նիստերի ընթացքում, երբ կրկին վեր էին հանվել մտավախությունները, որ ԱՄՆ-ի առեւտրային քաղաքականությունը կարող է քայքայել գլոբալ տնտեսական աճը:

Այս շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել է, որ համաշխարհային տնտեսությունը, որը ներկայումս հապաղում է, պետք է սկսի վերականգնումը 2019 թվականի երկրորդ կեսում՝ պայմանով, որ համաշխարհային առաջատար երկու տնտեսությունները կլուծեն տարաձայնությունները:

Ամփոփիչ նիստի ժամանակ ԱՄՀ-ի հանձնաժողովը, որը ներկայացնում է կազմակերպության 189 անդամներին, ընդունել է «առեւտրային լարվածությունը պակասեցնելու» եւ Համաշխարհային առեւտրային կազմակերպության բարեփոխումները սատարելու անհրաժեշտությունը:

Չինաստանի Կենտրոնական բանկի ղեկավարի տեղակալ Չեն Յուլուն նախազգուշացրել է, որ «որոշ երկրների պրոտեկցիոնիզմը խոչընդոտել է երկրների միջեւ փոխադարձ վստահությունը»՝ չնայած նա չի մատնանշել ԱՄՆ-ին:

Մինչդեռ այս շաբաթ Վաշինգտոնը ցնցել է Եվրամիության երկրներին՝ սպառնալով նոր սակագներով՝ ի պատասխան Airbus ավիացիոն արտադրողի սուբսիդիաներին՝ միեւնույն ժամանակ պատրաստվելով Ճապոնիայի հետ նոր առեւտրային բանակցություններին:

Մնուչինը կրկնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ իր թիմն առավելապես կենտրոնանա Պեկինի հետ լավ, այլ ոչ արագ գործարք կնքելուն: «Ես հույս ունեմ, որ մենք մոտենում ենք վերջնական հարցերի ամփոփիչ փուլին»:

Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ մաքոքային դիվանագիտության ընթացքում երկու կողմերը շարունակում էին ցուցաբերել զգուշավոր լավատեսություն՝ առանց հաջողություն կանխատեսելու:

Մնուչինը նշել է, որ անցած շաբաթ Վաշինգտոնում եւ Պեկինում պաշտոնական դեմքերն անցկացրել են հեռախոսային բանակցություններ, իսկ առաջիկա շաբաթվա ընթացքում պատրաստվում են նոր հանդիպումների:

«Կան որոշակի պարտավորություններ, որոնք Միացյալ Նահանգներն ստանձնում են այդ համաձայնագրի շրջանակներում, եւ կան որոշակի պարտավորություններ, որոնք ստանձնում է Չինաստանը»,-ասել է նա: «Եւ ես ակնկալում եմ, որ կիրարկման մեխանիզմն աշխատում է երկու ուղղություններով»:

«Դա շատ մանրակրկիտ մշակված մեխանիզմ է, որը ներառում է հարցեր, որոնք երբեք չեն դիտարկվել նախկինում»,-հավելել է Մնուչինը՝ նշելով, որ ներկայումս համաձայնագրի տեքստը կազմված է յոթ գլուխներից: