Վերմոնտ նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը եւ Տեխաս նահանգից նախկին կոնգրեսական Բետո Օ՚ Ռուրկը, որոնք հավակնում են ԱՄՆ նախագահի պաշտոնին, երկուշաբթի ներկայացրել են 10 տարվա ընթացքում իրենց հարկերի մասին տվյալներ:  Փաստաթղթերը հրապարակվել են այդ դեմոկրատ քաղաքական գործիչների նախընտրական շտաբերի պաշտոնական կայքերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նյութերից հետեւում է, որ Սանդերսը եւ նրա կինը 2016-ին աշխատել են ավելի քան 1 մլն դոլար, մոտավորապես նույնքան էլ 2017-ին:

Այդ միջոցների զգալի մասը ստացվել է սենատորի հեղինակած երկու գրքերի հրատարակության շնորհիվ: 2018-ին օրենսդրի եւ նրա կնոջ եկամուտները կազմել են մոտ 560 հազար դոլար:

Սանդերսի շտաբի կայքում 2009-ից մինչեւ 2018 թվականը հարկային վճարների մասին տվյալներ են ներկայացված: Հայտարարությունում նշվում է, որ նրա եկամուտների հիմնական աղբյուրներն են եղել աշխատավարձը եւ գրքերը:

The New York Times-ը նշում է, որ Սանդերսը, որն ավելի վաղ բազմիցս ուշադրությունը կենտրոնացրել էր ԱՄՆ-ում ունեցվածքային անհավասարության հետ կապված խնդիրներին, երկրի  հարուստ անձանց թվի մեջ է մտնում:

Օ՚ Ռուրկը տեղեկատվություն է տրամադրել 2008-2017 թվականների հարկերի վերաբերյալ եւ խոստացել  շուտով տվյալներ ներկայացնել 2018-ի վերաբերյալ:

Փաստաթղթերը վկայում են, որ Օ՚ Ռուրկը եւ նրա կինը 2017-ին մոտ 366 հազար դոլար են աշխատել, իսկ 2016-ին մոտ 328 հազար, 2015-ին՝ ավելի քան 377 հազար:

ԱՄՆ նախագահի առաջիկա ընտրությունների մասին

Մի շարք դեմոկրատներ արդեն հայտարարել են նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին: Նրանց թվում է Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Հաբբարդը (Հավայի նահանգից), Նյու Ջերսի նահանգից սենատոր Քորի Բուքերը, Նյու Յորք նահանգից սենատոր Քիրստեն Ջիլլիբրանդը, Մինեսոտայից սենատոր Էմի Քլոբուշարը եւ Սան Անտոնիո քաղաքի (Տեխասի) նախկին քաղաքապետ Ջուլիան Կաստրոն, ով Բարաք Օբամայի վարչակազմում զբաղեցրել է  բնակարանաշինության եւ քաղաքային զարգացման  նախարարի պաշտոնը: Նրանք նույնպես իրենց հարկային վճարների մասին տվյալներ են հրապարակել:

ԱՄՆ նախագահի 59-րդ ընտրությունները կանցկացվեն 2020 թ. նոյեմբերի 3-ին: