Հայաստանում օլիգարխիայի դեմ պայքարի պատրվակով պայքարում են խոշոր կապիտալի դեմ: Ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Ստեփան Մարգարյանը:
Նրա խոսքով՝ առանց խոշոր կապիտալի անհնար է խոսել տնտեսության զարգացման մասին: «Տնտեսության մեջ լուրջ առաջընթացի համար անհրաժեշտ է մրցակցություն խոշոր կապիտալի միջեւ: Պետք է չստեղծել ատելության մթնոլորտ, խոշոր գործարարներին չհետապնդել: Անհրաժեշտ է փոխել բիզնեսի համար խաղի կանոնները, որով նրանք ստիպված էին աշխատել նախկինում»,- պարզաբանեց նա:
Մարգարյանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի թիմը իշխանության է եկել ահռելի լեգտիմության ֆոնին, եւ սա լավ հնարավորություն էր ընդունելու ոչ տարածված որոշումներ: «Մեկ տարին բավարար չէ գնահատելու համար երկրում կատարված փոփոխությունները: Սակայն դա բավական է հասկանալու համար, թե հանրությունն ինչ սպասումներ կարող է ունենալ: Հետեւելով իշխանությունների ներկայացուցիչների հայտարարություններին ե՛ւ խորհրդարանական ընտրություններից առաջ, ե՛ւ հետո՝ ես այդպես էլ չհասկացա, թե երկրում այս կամ այն ոլորտում ինչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ»,- նշեց փորձագետը:
Ստեփան Մարգարյանը շեշտեց, որ երկրում ատելության սերմանման քաղաքականությունը իշխանություններից հանրության ակնկալած բարեփոխումներն անցկացնելու լավագույն միջոցը չէ. դա կարող է երկիրը հասցնել վտանգավոր սահմանագծի: «Միակ համակարգային փոփոխոթյունը, որն իշխանություններն առաջարկում են, անցումային արդարադատության ներդրումն է: Սակայն դա կարող է վատ հետեւանքների հանգեցնել»,- եզրափակեց նա:





























