Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի շրջանում մարտերի ժամանակ զոհվել է 174 մարդ, ներառյալ 14 խաղաղ քաղաքացի, երեքշաբթի ճեպազրույցում տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Թարիկ Յազարեւիչը։

«Տվյալները, որոնք մենք ստացել ենք ներկա պահին բուժհաստատություններից, վկայում են, որ 174 մարդ զոհվել է, 756 մարդ վիրավորվել։ Զոհվածների մեջ 14 խաղաղ քաղաքացի կա, իսկ վիրավորների մեջ՝ 36»,- ասել է նա։

ԱՀԿ-ն հակամարտության կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ բուժհաստատություններին, բժիշկներին, շտապօգնության մեքենաներին եւ քաղաքացիական ենթակառուցվածքին վնաս հասցնելուց։

Լիբիական ազգային բանակի մարշալ Խալիֆա Հաֆթարը ապրիլի 4-ին հրամայել էր իր ուժերին սկսել Տրիպոլիի վրա հարձակումը՝ «ահաբեկիչներից ազատագրելու համար»։ Հաֆթարի բանակի ստորաբաժանումները վերահսկողություն են սահմանել Գարյան եւ Սուրման քաղաքների հանդեպ մայրաքաղաքի հարավում։ Ֆայեզ Սարաջի ազգային համաձայնության կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացրել է, որ ԼԱԲ ռազմական ինքնաթիռները հարված են հասցրել լիբիական մայրաքաղաքի միակ գործող օդանավակայանին՝ Միթիգին, ինչի հետեւանքով չվերթները չեղարկվել են։ Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը լոյալ զինված ուժերը ապրիլի 7-ին հայտարարել են ԼԱԲ-ի դեմ «Ցասման հրաբուխ» ռազմական գործողությունն սկսելու մասին։