Եվրախորհրդարանում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Թուրքիայի վերաբերյալ խիստ զեկույցը:
Թուրքական Vatan-ի փոխանցմամբ` Եվրախորհրդարանում հոլանդացի պատգամավոր Ռիա Օօմեն Ռուիյտենի կողմից Թուրքիայի վերաբերյալ կազմված զեկույցն ընդունվել է ձայների մեծամասնությամբ:
Մասնավորապես` զեկույցում են հայտնվել վերջին օրերին Թուրքիայում հայտնի լրագրողներ Նեդիմ Շեների եւ Ահմեդ Շըքի ձերբակալությունները: Զեկույցում նշվել է, թե հայտնի լրագրողներին «Էրգենեկոն» եւ «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի հետաքննության շրջանակներում ձերբակալումը կարող է դատական համակարգի նկատմամբ վստահության կորստի բերել:
«Ողջունում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Դինքի գործով կայացված վճիռը եւ թուրքական իշխանությունններից պահանջում ենք կատարել իրենց վրա ստանձնած պարտավորությունները: Պետք հանվեն այն արգելքները, որոնք թաքցնում են Դինքի սպանության իրական մեղավորներին»,-ասվել է զեկույցում:
Նշենք, որ 58 կետից բաղկացած զեկույցը բավականին խիստ գնահատականներ է տալիս Թուրքիայում իրականացվող բարեփոխումներին` անդրադառնալով գրեթե բոլոր ոլորտներին:


























