ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առանց պատճառաբանության դադարեցրել է միջուկային մարտագլխիկների հրապարակման բազմամյա գործելակերպը, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Associated Press գործակալությանը։
Այս մասին ասվում է ԱՄՆ էներգետիկայի նախարարության նամակում, որն ուղարկվել է Ամերիկյան գիտնականների ֆեդերացիա։ Դրանում պաշտոնյաները առաջին անգամ հրաժարվել են հրապարակել տվյալներ մասնավոր ընկերության փորձագետների հարցմանն ի պատասխան։
Առաջին անգամ միջուկային մարտագլխիկների մասին տվյալները հրապարակվել են նախագահ Բարաք Օբամայի օրոք, 2010 թվականի մայիսին։ Այն ժամանակ ամերիկյան պաշտոնյաները գաղտնազերծեցին ԱՄՆ ամբողջ միջուկային զինանոցը՝ կուտակված 1945-ից ի վեր։ Հետագայում այդ տվյալները հրապարակվում էին գիտնականների հարցումներով։
Վերջին անգամ տվյալները հրապարակվել են 2018-ին։ Սպիտակ տան տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ը 3,8 հազար միջուկային մարտագլխիկ ուներ 2017 թվականի սեպտեմբերի դրությամբ։
Ինչպես նշում է գործակալությունը, Ռուսաստանի իշխանությունները նույնպես չեն հրապարակում տվյալներ միջուկային մարտագլխիկների մասին։ Ամերիկյան գիտնականների ֆեդերացիայի գնահատականներով՝ Ռուսաստանն ունի մոտ 4,3 հազար մարտագլխիկ։
Ամերիկյան գիտնականների ֆեդերացիայի միջուկային տեղեկատվության նախագծի տնօրեն Հանս Մ. Քրիստենսենը նշել է, որ Սպիտակ տան նման քայլը նշանակում է, որ Վաշինգտոնը հրաժարվում է ուրիշ պետությունների վրա ցանկացած ճնշումից այն նկատառումով, որպեսզի նրանց միջուկային զինանոցը դառնա «թափանցիկ»։ Նրա խոսքով՝ սա անսովոր որոշում է, քանի որ Թրամփի վարչակազմը քանիցս արտահայտել է իր վրդովմունքը ռուսական ու չինական միջուկային մարտագլխիկների գաղտնիության պատճառով։




























