Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հետեւել է նոր տակտիկական կառավարվող զենքի փորձարկմանը, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով այդ երկրի պետական լրատվամիջոցներին։

Սա զենքի առաջին հրապարակային փորձարկումն է, որն անցկացնում է Հյուսիսային Կորեան Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հանոյում հանդիպումից հետո։

Փետրվարյան գագաթաժողովը Կիմի եւ Թրամփի միջեւ Հանոյում չպսակվեց առաջընթացով Կորեական թերակղզու միջուկազերծման հարցում։ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ կապված նրա միջուկային եւ հրթիռային ծրագրերի հետ, մնում են ուժի մեջ։

«Միանգամայն հավանական է, որ սա փոքր հեռահարության թեւավոր հրթիռ է, որը կարող է վերափոխվել «երկիր-երկիր», «օդ-երկիր», «օդ-ծով», «ծով-ծով» դասի թեւավոր հրթիռի, ասել է Սեուլում Քյոնամ համալսարանի հեռավորարեւելյան հետազոտությունների ինստիտուտի ռազմական փորձագետ Կիմ Դոն Յուբը։

Այլ վերլուծաբաններ կարծում են, որ դա կարող է լինել ցամաքային բազավորման բարձր ճշգրտության զենք, իսրայելական հակատանկային Spike հրթիռի նման, որը Հարավային Կորեան իր սպառազինությունում ունի 2000 թվականի սկզբից։

ԱՄՆ Ազգային շահերի կենտրոնից Հարի Կազիանիսի խոսքով՝ փորձարկումները ցույց տվեցին, որ Կիմ Չեն Ընը «երբեք չի խոստացել դադարեցնել իր զինանոցի ամբողջ զենքի փորձարկումները, միայն միջուկային զենք եւ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են հարված հասցնել ԱՄՆ-ին»։

Նախնական տեղեկատվությամբ՝ ԱՄՆ հյուսիսային եւ ռազմավարական հրամանատարությունը չի հայտնաբերել հրթիռների արձակումը Հյուսիսային Կորեայի տարածքից, բայց կշարունակի հետեւել, տեղեկացրել է պաշտոնյան, որը չի ցանկացել նշել անունը։

Սպիտակ տան ներկայացուցիչն ասել է. «Մենք գիտենք այդ հաշվետվության մասին, եւ այլ մեկնաբանություններ չունենք»։

Կիմ Դոն Յուբը կարծում է, որ փորձարկումները, հավանաբար, Միացյալ Նահանգների համար ազդանշան են դարձել, որ Հյուսիսային Կորեան չի ընկրկի պատժամիջոցներից ու կգնա իր ճանապարհով։

Արբանյակային լուսանկարներում, որոնք արվել են անցած շաբաթ, երեւում է շարժ Յոնբեն զորավարժարանում, որը կարող է կապված լինել ռադիոակտիվ նյութի՝ միջուկային վառելիքի վերածման հետ, երեքշաբթի տեղեկացրել է Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների Վաշինգտոնի կենտրոնը։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը տեղեկացրել է Bloomberg News-ի հարցազրույցում, որ ԱՄՆ-ը պետք է տեսնի «իրական նշաններն այն բանի, որ Հյուսիսային Կորեան ընդունել է ռազմավարական որոշում՝ հրաժարվելու միջուկային զենքից» մինչեւ երկու երկրների ղեկավարների երրորդ հանդիպումը։