Շարլ Ազնավուրը հաստատել է, որ մարտի 12-ին ներկա է լինելու Ֆրանսիայի Սենատի առջեւ անցկացվելիք հանրահավաքին, որի մասնակիցները պահանջելու են վավերացնել Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը, գրում է «Երկիր» օրաթերթը: Ըստ թերթի`
Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակը նշում է, որ Ֆրանսիայի խորհրդանիշը դարձած հանրահայտ երգիչն առաջին անգամ է մասնակցելու բողոքի ու պահանջատիրության նման միջոցառման:

«Ժխտողականությանն է հարկավոր խոչընդոտել, այլ ոչ թե օրենքին» կարգախոսով անցկացվելիք հանրահավաքին մասնակցելու են նաեւ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ անհատ իրավապաշտպաններ Բեռնար-Անրի Լեւին եւ Սերժ Կլարսֆելդը:

Միջոցառումը կազմակերպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը: