Ստամբուլի բիզնես կենտրոններից մեկը հանդիսացող Շիշլիի հրապարակում վեր խոյացող եւ պոլսահայ Քարագյոզյան մանկատան հիմնադրամին պատկանող շենքի շինարարությունը մոտենում է ավարտին, որի առթիվ հայտարարությամբ է հանդես եկել հիմնադրամի նախագահ Տիգրան Գյուլմեզգիլը:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ`  Քարագյոզյան մանկատան հիմնադրամի նախագահը նշել է, թե հիշյալ տարածքը մաֆիայի ձեռքից հետ ստանալուց հետո իրենք նախագիծ են մշակել, որով հնարավորթյուն կտրվի այդ տարածքը վարձակալությամբ հանձնել եւ այդ գումարներով հոգալ Քարագյուզյան մանկատան 200 երեխաների ուսման եւ կեցության ծախսերն ինչպես նաեւ ամբողջ հայ համայնքի մոտ 2000 աշակերտների ուսման ծախսերը:

Տիգրան Գյուլմեզգիլը շեշտել է, թե այս նախագիծը կյանքի է կոչվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությամբ: «Միշտ հետաքրքրվում են մեր այս կառույցով, սակայն չեն ցանկացել գովազդել: Հիմա, երբ կառույցի շինարարությունն արդեն ավարտման փուլում է` հայտարարում ենք, որ Թուրքիայի հանրապետության պատմության մեջ սա վարչապետի կողմից ազգային փոքրամասնություններին տրված ամենամեծ աջակցությունն է»,-ասել է Տիգրան Գյուլմեզգիլը: