Քանի դեռ որոշված չեն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հնարավոր միջադեպերի հետաքննություն անցկացնող մարմնի մեխանիզմները, ո՛չ էլ այն, թե ինչ կերպ պետք է այն ձեւավորվի, Հայաստանը հնարավորություն ունի մասնակցել այդ մարմնի կազմավորման գործընթացներին։ Մարտ 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, փորձագետ Կարեն Բեքարյանը։
Նրա խոսքով, Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում մարտի 5-ին ընդունված համատեղ հայտարարության երկրորդ կետը, որով նախատեսվում է այդ մարմնի ստեղծումը, Հայաստանին հնարավորություն է ընձեռվում ոչ թե հետագայում «այո» կամ «ոչ» ասել դրա ծավալած աշխատանքներին, այլ ինքնուրույնաբար առաջարկել դրա ձեւավորման մեխանիզմները։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային կողմ դառնալու կարեւորության հարցին, Բեքարյանը նշեց, որ հակամարտության լուծման ճանապարհին էական առաջընթաց չի գրանցվի, քանի դեռ դրանց չի մասնակցում ԼՂՀ-ն։ «Հայաստանն այս առումով, միգուցե, պետք է շտապի։
Հայկական երկրորդ պետության ռեսուրսների չօգտագործումն ուղղակի շռայլություն է։ Բայց կա հարցի մեկ այլ կողմը։ Եթե Ղարաբաղը շարունակում է այսքան ժամանակ լռություն պահպանել, նշանակում է՝ չի ուզում որեւէ պատասխանատվություն կրել խնդրի լուծման ճանապարհին։ Բացի այդ, Ղարաբաղին բանակցային կողմ դարձնելու հարցում ամբողջ ուժով չի աշխատում Հայաստանի խորհրդարանը։ Չի կարելի ամեն բան թողնել հիմնական բանակցողի՝ երկրի ղեկավարի ուսերին»,- ամփոփեց Բեքարյանը։





























