Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նորմալ երեւույթ չի համարում հեղափոխությունը, որովհետեւ «բոլոր հեղափոխություններից հետո այդ երկրները կործանվում են տասնյակ տարիներով»:

Այսօր՝ մարտի 10-ին կառավարության առջեւ ոստիկանապետի ու լրագրողների հետ հանդիպմանը ներկա է եղել նաեւ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով  հետաքրքրվել է Ալիկ Սարգսյանի անցած տարվա այն հայտարարությամբ, թե եթե Հայաստանում հեղափոխության փորձ արվի, իրենք օրորոցում կխեղդեն այն:

«Ես հեղափոխությունը նորմալ երեւույթ չեմ համարում, որովհետեւ բոլոր հեղափոխություններից հետո այդ երկրները կործանվում են առնվազն 30-50 տարով: Հեղափոխության նկատմամբ ես առանձնապես սիմպատիա չունեմ, որովհետեւ հեղափոխությունը ցնցում ա, զինված ճանապարհով բռնազավթում ա իշխանությունը, որը նորմալ քաղաքակիրթ տարբերակը չի: Իշխանափոխությունը կատարվում ա մեկ այլ տարբերակով, ինչը որ շատ զարգացած երկներում տեղի ա ունեցել: Իշխանության տապալումը զենքի միջոցով ա»,- ասել է Ալիկ Սարգսյանը:

Այնուհետեւ Զ. Փոստանջյանը հարցրել է. «Իսկ դրա իրավական ձեւակերպումը կա՞ ՀՀ քրեական օրենսգրքում: Դա կարող է լինել քրեորեն հետապնդելի արարք, եթե դրա ձեւակերպումը լինի օրենսգրքում, դրա համար եմ ես ուզում եմ իմանալ, Դուք այդ դիրքորոշումը որպես ոստիկանապե՞տ եք հայտնում, այսինքն Դուք ոււղղակի բռնության կոչե՞ր եք հայտարարում»:

ՀՀ ոստիկանապետն այս հարցին արձագանքել է. «Այսինքն Դուք ի՞նչ եք պատկերացնում, զենքերով զինված մոլեգնել մայրաքաղաքում եւ ես դա չկանխե՞մ, դուք դա՞ եք ուզում: Միգուցե փորձեք մի անգամ, իմ վերաբերմունքը կտեսնեք հենց էդ պահին»:

Զարուհի Փոստանջյանը փորձել է առարկել այս խոսքերին, իկ Ալիկ Սարգսյանը շարունակել է. «Հեղափոխությունը զենք ա, ես Ձեր հետ հավասար կարող եմ խոսել, ձայնային տվյալներս էլ հերիքում են, դուք խոսեք, ես էլ եմ խոսելու, մեկա ես չեմ թողելու ինձնից շատ խոսեք, էդ մեթոդը  իմ վրա չի ազդում, եւ ասում եմ, որտեղ հեղափոխություն է, այնտեղ զենքի գործադրում, որը ես մեղադրում եմ: Դուք պրովակացիայի եք գնում, տիկին Զարուհի, խոսք եք ման գալիս, որի շուրջ կառուցեք Ձեր ամբողջ ֆանտազիան, էսօրվա դրությամբ, զոհված ֆանտազիան, բայց մենք ամեն ինչ գիտենք, ձեր գործելաոճին էլ շատ լավ ծանոթ ենք, մեր բոլոր ոստիկանները ձեզ շատ լավ ճանաչում են, փորձեք էդ մեթոդներով մեզ հետ չվարվել չի ստացվի»: