Ջավախահայերի իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը պաշտոնապես միանում է հայ բլոգերների տարածած պետիցիային։ Այս մասին մարտի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, Ջավախահայերի իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի անդամ, պատգամավոր Շիրակ Թորոսյանը։
Նա նաեւ հայտարարեց, որ իրենց կազմակերպության անդամները ոչ միայն իրենց ստորագրությունը կդնեն այդ պետիցիայի տակ, այլ նաեւ կօգնեն նրա կազմակերպած ստորագրահավաքին։ «Մենք մտադիր ենք հավաքել ոչ միայն էլեկտրոնային, այլ նաեւ ավանդական ստորագրություններ»,- ասաց պատգամավորը։
Թորոսյանը նաեւ հայտնեց, որ կազմակերպությունը կօգնի բլոգերներին, որպեսզի պետիցիաները հասնեն իրենց հասցեատերերին՝ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուին, ԵԽ գլխավոր քարտուղար Թորնբյորն Յագլանդին եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին։
«Երկիր» հասարակական կազմակերպությունների միության նախագահ Սեւակ Հարությունյանն իր հերթին ավելացրեց, որ շատ կարեւոր է, որպեսզի այդ հարցի լուծման համար միավորվեն հայկական քաղաքական բոլոր ուժերը։
Նշենք, ո այդ պետիցիան http://www.gopetition.com/petition/43282.html հասցեում տեղադրվել է 2 շաբաթ առաջ, դրա տակ ստորագրել է 1000 մարդ։





























